Ադրբեջանցիների կողմից գնդակահարված 2 հայ գերիների մարմինները դեռ չեն վերադարձվել

Ադրբեջանցիների կողմից գնդակահարված 2 հայ գերիների մարմինները դեռ չեն վերադարձվել

Երկու տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվող մոտ 80 տղաների հայրենադարձման գործընթացը քաղաքական առումով գրեթե լռեցված է։ Պատճառները շատ են, հիմա էլ, ըստ մասնագետների, դրանց ավելացավ թշնամու կողմից Լաչինի միջանցքը փակելն ու Արցախն ու 120 հազար արցախցուն գերության մեջ պահելը. այս պահին միջազգային հանրության ուշադրությունը փորձ է արվում այս խնդրի վրա սևեռել։ 

«Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան․ Բաքվի բանտերում նրանք պայքարում են ՀՀ անկախության համար»,- Փաշինյանի՝ 2021 թվականի հունիսի 8-ին արած այս հայտարարությունից անցել է առնվազն 20 ամիս, իսկ տղաների՝ հայրենիք վերադարձնելու մասին ոչ մի խոսք ու քաղաքական հայտարարություն։ 

«Լաչինում ստեղծված մարդասիրական ճգնաժամի պայմաններում քաղաքական ամբողջ ջանքերը կենտրոնացված են այս խնդրի լուծման վրա, և իրապես, արցախահայության բնաջնջման ռիսկեր կան։ Բայց կարող եմ ասել, որ իրավական գործընթացում մենք որոշակի ակտիվություն ենք նկատում»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ 

Նրա խոսքով՝ այն գործերով, որոնք ունեին առաջնահերթություն, դատարանը սկսել է կոմունիկացիայի փուլը։

«Մասնավորապես, Բենիկ Հակոբյանի և Յուրի Ադամյանի գործի մասին է խոսքը՝ Հադրութում սպանված երկու գերիների։ Նրանց ցուցադրաբար գնդակահարել էին։ Ընդ որում, այս գործի հատկանշական հանգամանքներից մեկն այն է, որ առ այսօր անգամ դիերը վերադարձված չեն, իսկ ադրբեջանական կողմը սկզբում ժխտողական քաղաքականություն էր վարում։ Բայց կա միջազգային հետաքննություն, և հաստատված է՝ տղաների գնդակահարությունը հենց Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից է իրականացվել»,- նշեց Սահակյանը։

Ըստ նրա՝ սա միակ գործը չէ, որով կոմունիկացիայի ակտիվ փուլ է սկսվել․ դա է պատճառը, որ որոշակի ակտիվություն է նկատվում դատական գործերում։

«Այսինքն՝ կա հետաքրքրություն արագ կերպով քննություն իրականացնելու, ինչը որոշակի ազդեցություն կունենա նաև քաղաքական գործընթացների վրա՝ երկարաժամկետ հեռանկարում»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Իսկ կարճաժամկետ հեռանկարում տղաների հայրենադարձումն իրատեսակա՞ն է․ ըստ Սահակյանի՝ ոչ։ 

«Վերադարձի մասով պայմանավորվածությունները քաղաքական ճանապարհով են ձեռք բերվում։ Իսկ իրավական գործընթացներն ազդեցություն կունենան հատկապես այն տղաների համար, որոնք դատապարտված են, եթե, իհարկե, զուգահեռ քաղաքական գործընթաց սկսվի։ Բայց կարճաժամկետ հեռանկարում մենք չունենք ավարտական փուլին մոտեցող դատական գործընթաց, որն առնչվի Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների վերադարձին։ Գործեր կան թե՛ միջպետական, թե՛ անհատական, բայց դրանցով էլ դեռևս կոմունիկացիա չունենք»,- ամփոփեց խոսքը Սիրանուշ Սահակյանը։ 

Նարե Գնունի