Արցախում ներքաղաքական իրարանցում չկա․ Վահան Բադասյան

Արցախում ներքաղաքական իրարանցում չկա․ Վահան Բադասյան

Լաչինի միջանցքը փակ է և բանակցություններ չեն ընթանում այս ուղղությամբ, փակուղի է, քանի որ Ադրբեջանն այնպիսի պայմաններ է բերում, որոնց համաձայնելը կարմիր գիծ է։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանը` խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

«Եթե Ադրբեջանի 5 կետերը վերլուծենք, ապա ստացվում է, որ մեզ ասում են՝ գլուխդ դիր ոտքերիս տակ, դանակով մորթեմ․ այսպիսի իրավիճակ է»,-ասաց նա։

Հարցին, թե հնարավոր չէ՞ Արցախն էլ իր առաջարկություններով հանդես գա և կետեր ներկայացնի, վերջինս պատասխանեց՝ Ադրբեջանը ոչ մի համաձայնության չի գա։ Հավելող հարցին, թե գուցե երրորդ կողմի միջոցով բանակցություններ ընթանան, Բադասյանը պատասխանեց՝ եթե երրորդ կողմը Ռուսաստանն է, ապա պետք է հասկանալ, որ Ռուսաստանն իր շահերով է առաջնորդվում։

«Ռուսաստանը չի ուզում նեղացնել իր գործընկերոջն այս քաղաքական խառը իրավիճակում: Երբ ամբողջ Արևմուտքը դեմ է դուրս եկել ՌԴ-ին, սանկցիաներ են կիրառել նրա դեմ և Արևմուտքը գազ չի առնում իրենցից, Ռուսաստանի գազն Ադրբեջանն է վաճառում իր գազամուղով։ Իսկ Եվրոպայի մասով միայն սրտաճմլիկ ելույթներ ու բանաձաևեր ենք տեսնում, որոնք միայն թղթի վրա են: Որոշում են կայացրել՝ հորդորել Ադրբեջանին բացել ճանապարհը. սա ամուլ որոշում է, այս հորդորով ճանապարհ չի բացվի։ Սա գործին օգնում է այն առումով, որ միջազգային հարթակներում հեղինակազրկվում է Ադրբեջանը, սակայն դա երկար գործընթաց է, որ հեղինակազրկումից վախենալով՝ ճանապարհը բացի»,-ասաց նա։ 

Բադասյանի խոսքով՝ արցախցիները հասկանում են, որ ծանր շրջան է սպասվում և այլ տարբերակ չկա, քան դիմանալը։ 

նդրադառնալով վերջին շրջանում Արցախում տիրող «ներքաղաքական իրարանցումներին», վերջինս նշեց, որ «իրարանցում» ասվածը միայն ֆեյսբուքյան տիրույթում է և Արցախում նման տրամադրվածություն չկա։ 

«Ֆեյսբուքում մեկը գտնում է, որ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը խայտառակություն էր, մյուսը համարում է, որ դիվանագիտորեն ճիշտ պատասխաններ է տվել Վարդանյանը։ Ով ,ինչպես տեսնում է, այդպես էլ արտահայտվում է։ Եղան նաև բանիմաց մարդիկ, որոնք հարցազրույցը համեմատեցին պատերազմից առաջ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի՝ նույն լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ։ Մնացականյանի հարցազրույցից էլ պարզ էր, որ պատերազմ է լինելու, քանի որ ձախողված դիվանագիտության մասին էր այդ հարցազրույցը, նույնիսկ ամոթ էր գիտակցել, որ նա հայ է։ Սակայն Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն ինձ համար հոյակապ էր, նույնիսկ լրագրողը Վարդանայնի պատասխանները լսելուց հետո խուսափում էր հաջորդ հարցը տալ և ինքն իր ծուղակն ընկնելուց էր վախենում»,- հավելեց Բադասյանը։

Լիաննա Թորոսյան