Չեմ ողջունում ՄԻ պաշտպանի հրաժարականը. Լարիսա Ալավերդյան

Չեմ ողջունում ՄԻ պաշտպանի հրաժարականը. Լարիսա Ալավերդյան

Չեմ ողջունում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական տալը կամ այլ աշխատանքի կամավոր տեղափոխվելը. ովքեր չեն կարողանում մինչև վերջ իրականացնել աշխատանքներն իրենց պաշտոնավարման ժամկետում, իրենք ուղղակի չեն ընկալում այդ պաշտոնի ամբողջ նշանակությունը, որովհետև սա զուտ պաշտոն չէ, այլ առաքելություն է։

MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։ 

Նշենք, որ ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ։ Վերջինս պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հուվարի 24-ին։ Իր հրաժարականի տեքստում Գրիգորյանը նշել է, որ «պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։

Մինչդեռ, հիշեցնենք, MediaHub-ի աղբյուրը հայտնել է, որ ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում:

«Ինչ պաշտոն էլ գործադիր իշխանությունում զբաղեցնի տիկին Գրիգորյանը, դա լինելու է իջեցում։ Ափսոսում եմ, որ երիտասարդ իրավաբանի կարիերայում այսպիսի դրվագ է լինելու և շարունակում եմ պնդել, որ Արման Թաթոյանը եղել է լավագույն ՄԻՊ-ը»,-ասաց Ալավերդյանը, հավելելով, որ չնայած այն փաստին, որ բոլոր պաշտպաններն ընտրվել են գործող իշխանության մեծամասնության կողմից, բայց, օրինակ, դա չի խանգարել Արման Թաթոյանին աշխատել։ 

«Պատահական չէ ՄԻՊ պաշտոնի նկարագրության մեջ նշված, որ դա պետք է լինի այնպիսի կամային հատկություններով մարդ, որն իսկապես հասկանում է անկախ պաշտոնի և հաստատության նշանակությունն ու դերակատարությունը»,-նշեց ՀՀ առաջին ՄԻ պաշտպանը։

Մինչ այժմ Հայաստանն ունեցել է Մարդու իրավունքների 5 պաշտպան, որոնցից միայն երկուսն են պաշտոնավորել մինչև ժամկետի ավարտը։ Նրանք են՝ Լարիսա Ալավերդյանն ու Արման Թաթոյանը։ 

Ըստ մեր զրուցակցի, որոշ հայտարարություններ, Գրիգորյանի ոչ պատշաճ ակտիվությունը փոքր ինչ ստվեր է գցում գործադիր իշխանության վրա, որովհետև նրանք ուզում են կախվածության մեջ պահել ՄԻ պաշտպանին և այդ հաստատությունը։ 

«Տվյալ դեպքում Քրիստիննե Գրիգորյանի հանդեպ նույն գործողություններն են արվել և չեմ կարող ասել, որ նա միշտ կարողացել է դիմադրել։ Ափսոսում եմ, որ իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողանում ընկալել ՄԻՊ պաշտոնի և այդ հաստատության նշանակությունը մեր նման պետությունների համար․ այս իշխանությունները, ցավոք սրտի, ամենահետամնաց ձևով իրենց դրսևորեցին»,-խոսքն ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։ 

Հիշեցնենք նաև, որ Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Այսօր հայտնի դարձավ, որ Պաշտպանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը:

Շուշանիկ Միսկարյան