ՀՀ իշխանությունները հստակ ճանապարհ են որդեգրել վերանայելու հարաբերությունները ՌԴ հետ. ինչո՞վ է դա վտանգավոր

Հայկական որոշ շրջանակներում չեն դադարում քննարկումները Սերգեյ Լավրովի երեկվա ելույթի հետ կապված, որոնք շարունակում են տարածել, թե Լավրովը հայտարարել է Եռակողմ հայտարարությունից Ռուսաստանի դուրս գալու մասին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով Լավրովի երեկվա հայտարարության շուրջ աղմուկը:
Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Լավրովի արված հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային հարցերում, այդ թվում նաև պոստ-կոնֆլիկտային գործընթացներում, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ ներկայացրեցին, թե ՌԴ-ն պաշտոնապես հայտարարել է Եռակողմ հայտարարությունից դուրս գալու մասին:
«Մենք շատ լավ կարող ենք տեսնել, որ Հայաստանում թե՛ իշխանամետ, թե՛ արևմտամետ ուժերը վարում են մի քաղաքականություն, որպեսզի վարկաբեկեն Ռուսաստանը և ներկայացնեն հայ հասարակությանը խեղաթյուրված իրականուություն այն մասին, թե Արցախի կորուստը ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքն էր, այլ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պայմանավորվածության հետևանք: Այնինչ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ իրենց սխալ և ոչ հեռատես արտաքին քաղաքականությամբ»,- ասաց Խալաթյանը։
Այժմ Ռուսաստանը, շարունակեց մեր զրուցակիցը, և այլ գլոբալ ու տարածաշրջանային խաղացողներ հաշվի են նստում լիովին նոր իրողությունների հետ, նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, որպեսզի պաշտպանեն իրենց շահերը՝ հենվելով այն կարծիքին, թե Հայաստանն ինքն է հրաժարվել Արցախից և առհասարակ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել իր շահերը։
Հարցին, թե արդյո՞ք կա վտանգ, որ Ռուսաստանը դուրս կգա Եռակողմ հայտարարությունից, Խալաթյանը պատասխանեց․
«Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և իմ կարծիքով` Ռուսաստանն ամեն հնարավոր բան անելու է, եթե իհարկե ստացվի, որպեսզի պահպանի իր ռազմական ներկայությունը խաղաղապահների տեսքով Լեռնային Ղարաբաղում 2025թ-ից հետո էլ: Խաղաղապահների ներկայությունը, մի կողմից, ՌԴ համար լծակ է ազդեցություն ունենալու Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից Մոսկվան հասկանում է, որ Արցախի հայաթափումը, ինչն անշուշտ տեղի կունենա, եթե Ռուսաստանը չպահպանի իր ներկայությունն այնտեղ, իր հերթին կբերի հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վերանայմանը, մինչև անգամ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ռուսական ռազմաբազայի հեռացմանը ՀՀ-ից»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Շարունակելով իր խոսքը, վերլուծաբանն ասաց, որ արդեն իսկ տեսանելի է լուրջ ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում և ակնհայտ է այն, որ ՀՀ իշխանությունները հստակ ճանապարհ են որդեգրել վերանայելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արցախի կորստի գլխավոր մեղավորների՝ ՀՀ իշխանությունների համար այդ պատասխանատվությունը հենց Ռուսաստանի վրա բարդելը լավ առիթ է հանդիսանում, վստահ է մեր զրուցակիցը, որպեսզի ավելի բացահայտ իրականցնեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայումը։
Անդրադարձ կատարելով վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների տարածմանը և այսօրվա ռազմական գործողություններին ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ, Հայկ Խալաթյանը նկատեց.
«Ադրբեջանը հող է նախապատրաստում էսկալացիայի համար իրենց ՊՆ հայտարարություններ-ապատեղեկատվություններով, որի արդյունքում մենք տեսնում ենք այսօրվա դեպքերը, սակայն չի բացառվում, որ նրանք ավելի լուրջ էսկալացիայի կգնան։ Այս քայլերը Ադրբեջանի համար լծակ կհանդիսանան, որպեսզի կարողանա ազդել ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջնորդների վրա, որոնց Ադրբեջանը ինֆորմացիոն գրոհի շնորհիվ փորձելու է ցույց տալ այլ իրականություն և միջնորդներին ստիպելու է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի հայկական կողմը գնա նոր զիջումների՝ իբրև թե խուսափելու համար խոշոր էսկալացիայից»:
Մարիա Զարգարյան