Որ ուժերն են դադարեցրել քարոզարշավը

Հայաստանի սահմաններին լարված է: Այս պահի դրությամբ հայտնի է հայկական կողմից երկու զոհի և մեկ վիրավորի մասին:
Այս զարգացումների ֆոնին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերին ոմանք որոշում են կայացրել ժամանակավոր դադարեցնել քարոզարշավը:
Այդպես, MediaHub-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչ որոշում ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վերջինս պատասխանեց․ «Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավ չի անելու»։
Հայկ Մարությանի թիմակից, ավագանու անդամի թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ երևանցիներն այսօր բակերում թող իրենց չսպասեն. «Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում»:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ևս որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Մանե Թանդիլյանն էլ գրառում արեց.
«Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։
Հայ զինվորի կողքին ենք․․․»:
MediaHub-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Մայր Հայաստան դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ ևս դադարեցնում է այսօրվա քարոզառշավը և մեկնում է Սոթք.
«Հաշվի առնելով Սոթքի վարչությունում հայկական դիրքերը գնդակոծող Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված լարված իրավիճակը ՝ Երևանի քաղաքապետի որոշ թեկնածուներ չեղարկել են իրենց քարոզառշավը: «Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»,- հայտնել է Թևանյանը իր Facebook-յան էջի ուղիղ եթերում:
Սակայն կան քաղաքական ուժեր, որոնք շարունակելու են այսօր իրենց քարոզարշավը: Նրանց թվում է «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը MediaHub-ին հայտնեց, որ քարոզարշավ այսօր իրականացնելու են Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում:
Իսկ քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն առհասարակ տեղյակ չէր այսօրվա իր պլաններից, և նշեց, թե լրատվականից մեզ հետ կապ կհաստատեն ու կտեղեկացնեն՝ այսօր քարոզչություն անելու են, թե ոչ:
Գեղեցիկ Մանուկյան