Մենք հիմքեր ունենք, որ կացարանի հրդեհի հրամանը վերեւից է եղել․ զոհված զինծառայողի հայր

Այս դեպքը ժամերի ընթացքում կարող էին բացահայտել, թո՛ղ բերեն Եղոյին տան ինձ (նկատի ունի հրդեհի գործով անցնող Եղիշե Հակոբյանին- խմն.), 30 րոպե հետո ես պատմեմ, թե ինչ ա տեղի ունեցել: Վարչապետն ասում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, բայց դա իրենց համար է պարզ, իրենք գիտեն, թե ինչ ա եղել ու ինչի համար են ծածկադմփոց անում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ վերեւից է հրամանը եղել՝ եթե ոչ սպանության, ապա հրդեհի»,-ասաց Կիրակոսյանը։

Մահացած զինծառայողներից  Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանն էլ հարց հնչեցրեց՝ ո՞վ է հրաման տվել եւ ի՞նչ պայմաններում են զոհված զինվորների դիերը հանել կացարանից։ Նրա համար տարակուսելի է հատկապես ԱԻՆ բարձրաստիճան զինվորականի՝ դեպքի վերաբերյալ արված իրարամերժ հայտարարությունները։ 

«Մեր էրեխեքը չեն եղել պառկած վիճակում։ Իրենք պետք է մեզ փաստերով ապացուցեն, թե ինչ դիրքով են գտել մեր էրեխեքին։ Մինչ օրս քննություն է գնում ու դեպքի վայրը պիտի լիներ փակ վիճակում, բայց այնտեղ ով ասես կարողանում է մտնել, դուրս գալ։ Արդեն մեզ համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանից մինչեւ մնացած մարմինները գործը բացահայտել են, ուղղակի մեզ են տանջում։ Իսկ եթե բացահայտված է, ապա ինչո՞ւ է այդ անփույթ վիճակը։ Չեմ հասկանում՝ մեր երկրին գլուխ չկա՞, մեր հարկերով ապրող այս մարդիկ մեզ ո՞ւր են տանում։ Սուրեն Պապիկյանն ի՞նչ իրավունք ունի աշխատի պաշտպանության նախարար։ 15 զոհված զինվորի ծնողները սգում են, նա ո՛չ մի ձեւով չանդրադարձավ մեզ, անգամ մխիթարական խոսք չասաց, բա սա կառավարությո՞ւն է»,-ասաց Արման Բարսեղյանը։ 

Ավելի վաղ գրել էինք, որ մոտ երկու ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով անցնող կապիտան Եղիշե Հակոբյանը կալանավորվեց։

MediaHub-ի հետ զրույցում Եղիշեի պաշտպանյալ Հովսեփ Սարգսյանը  կալանավորումն անօրինական է համարում, քանի որ կապիտանին մեղսագրվող արարքի իրավական եւ փաստական հիմքերը, ասում է, բացակայում են։

15 զինծառայողից միայն 8-ի մահվան պատճառներն են հայտնի, մահացած 7 զինվորի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, նկատում է կապիտանի փաստաբանը։ Հիշեցնենք, որ Եղիշե Հակոբյանին մեղսագրվում է կացարանի վառարանը բենզինով վառելու արարքը, որն, ըստ նախնական տվյալների, առաջացրել է 15 զինծառայողների մահ։

Նշենք, նաեւ, որ մինչ հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում՝ ողբերգությունից ընդամենը ժամեր անց, հայտնեց.

«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։

Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ Եղիշե Հակոբյանի փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ  իրավապահ մարմինների աշխատանքի վրա։

Լիա Սարգսյան