Հրդեհից զոհված 15 զինվորներից 7-ի մահվան պատճառները մնում են չբացահայտված

Հրդեհից զոհված 15 զինվորներից 7-ի մահվան պատճառները մնում են չբացահայտված

Երկու ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով այսօր կալանավորված կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում իր պաշտպանյալի կալանավորումն անօրինական է համարում, քանի որ կապիտանին մեղսագրվող արարքի իրավական եւ փաստական հիմքերը, ասում է, բացակայում են։

«Քննչական մարմինը նույնիսկ հարկ չհամարեց շարունակել Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը, թեպետ նա ցանկանում էր համագործակցել ու ցուցմունք տալ։ Իրենց պետք չի դեպքը բացահայտել»,-ընդգծում է Սարգսյանը։ 

15 զինծառայողից միայն 8-ի մահվան պատճառներն են հայտնի, մահացած 7 զինվորի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, նկատում է կապիտանի փաստաբանը։ 

Եղիշե Հակոբյանին մեղսագրվում է կացարանի վառարանը բենզինով վառելու արարքը, որն, ըստ նախնական տվյալների, առաջացրել է 15 զինծառայողների մահ։

Հարցին՝ վարկածները, թե հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն հարձակումը, որքանո՞վ են փարատվել կամ հերքվել, Սարգսյանն արձանագրեց, որ գործի ընթացքը այս հարցի պատասխանը գտնելուն միտված չի եղել։

«Ամբողջ քննությունը գնում էր բացառապես Եղիշե Հակոբյանի արարքների բացահայտմանը՝ ի՞նչ արեց, ի՞նչ չարեց։ Բայց հարցերի հարցը մնում է այն, թե ինչո՞ւ 15 զինվոր հրդեհի ժամանակ անկողնուց վեր չեն կացել, ու չեն պայքարել իրենց կյանքի համար։  Ստացվում է, որ  նպատակը 2 ամիս Եղիշե Հակոբյանի կալանավորումն էր։ Հիմա հանգիստ կարող են գործը համարել ավարտված՝ կապիտան Հակոբյանը կալանավորվել է»,-նկատեց նա։ 

2 ամսով կալանավորված կապիտանի փաստաբանը իր համար տարօրինակ երեւույթ է բարձրաձայնում։ Ասում է՝ հրդեի դեպքից մեկ օր անց աշխատանքից ազատված զորամասի հրամանատարը բացասական բնութագիր է տվել կապիտան Հակոբյանին, որը մեկ ամիս առաջ անբասիր ծառայության համար պարգեւատրվել է մեդալով։

«Դեպքից հետո նույն օրը աշխատանքից ազատված զորամասի հրամանատարը բացասական է գնահատում նրան, ոնց կարելի է սա հասկանալ, խեղկատակություն է»,-հավելեց նա։

Կապիտան Հակոբյանի կալանավորումից 7 օր առաջ զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ ստացվել են Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, ըստ որի՝ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից։ Նորիկյանը նաեւ հայտնել էր, որ փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Մինչ հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում՝ ողբերգությունից ընդամենը ժամեր անց, հայտնեց.

«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։

Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ Եղիշե Հակոբյանի փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների աշխատանքի վրա։

Լիա Սարգսյան