Ընդդիմադիրները փորձել են խանգարել, չի ստացվել․ Սիսիանի նորընտիր համայնքապետ

Օրեր առաջ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածու Արմեն Հակոբջանյանը հաղթանակ տարավ։ MediaHub-ը զրուցեց Հակոբջանյանի հետ, որը նաև վերջին մոտ մեկուկես տարվա ընթացքում Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Ասում է՝ այդ ընթացքում հասցրել է Սիսիանի համար մեծ աշխատանքներ իրագործել։ Անդրադառնալով այն հարցին, որ Սյունիքում համայնքներ կան, որոնց ղեկավարներն ընդդիմադիրներ են և հարցին, թե արդյո՞ք դժվար չէ աշխատել ընդդիմադիրների հետ, վերջինս արձագանքեց․
«Եթե քաղաքական առումով եք հարցնում, ես ուշադրություն չեմ դարձնում իրենց խոսացածներին, եթե մտահոգ են Սիսիանի համար, ապա միայն առողջ համագործակցություն է լինելու։ Եթե ուղղակի պիտի գան, խանգարեն՝ տարբեր պատճառաբանություններով, միանշանակ չեմ աշխատի իրենց հետ»։
Հարցին, թե այս ընթացքում ընդդիմությունը խանգարե՞լ է Հակոբջանյանին, համայնքապետը պատասխանեց՝ շատ. «Ամեն դեպքում, կարողացել ենք մեր ուզած ծրագրերը կյանքի կոչել։ Իսկ այդ ծրագրերը համայնքի համար են եղել՝ առանց անձնական շահերի»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը, հաշվի առնելով Սյունիքի սահմանին լարված իրավիճակը, նշում էր, որ իշխնությունը Սյունիքում չի կարող վստահություն քվե ստանալ և հաղթել ՏԻՄ ընրտրություններում, Հակոբջանյանն արձագանքեց․
«Հասկանում եմ, որ շատ է շահարկվում Սյունիքում տիրող իրավիճակը, բայց համայնքապետը ի՞նչ կարող է անել սահմանին անվտանգություն ապահովելու համար։ Այո, կամավորներ կան, ԵԿՄ-ն այնտեղ է, աշխարհազոր ունենք, բոլորի հետ էլ համագործակցում ենք։ Համայնքի ղեկավարը ՊՆ նախարար չէ, վարչապետ չէ, համայնքի ղեկավարը հիմնականում պետք է զբաղվի համայնքի գործերով, իսկ թե ինչ է կատարվում սահմանին՝ մենք լավ գիտենք ու աջակցում ենք։ Տեսաք, որ Սիսիանում հաղթեց իշխանությունը և այն էլ ինչ արդյունքներով հաղթեց, ժողովուրդը վստահում է իշխանությանը՝ հարգանքով, մեր շրջապատով, մեզ ճանաչողներով կարողացանք հաղթել»,-ընդգծեց Հակոբջանյանը։
Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությանը հարգանք-պատիվը չօգնեց Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի համայնքների ՏԻՄ ընտրություններում ․ «Հարց եք տալիս, որի պատասխանը ես չեմ կարող տալ»,- եղավ պատասխանը։
Լիաննա Թորոսյան