Քաղաքական էլեմենտ էլ կա, բայց խախտումներն ակնհայտ են․ Պիպոյանը՝ ՌԴ հնարավոր սահմանափակումների մասին

Քաղաքական էլեմենտ էլ կա, բայց խախտումներն ակնհայտ են․ Պիպոյանը՝ ՌԴ հնարավոր սահմանափակումների մասին

Այսօր տեղեկացանք, որ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ 

Մարտի 20-24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից անցկացված ստուգման ընթացքում հաստատվել է այն փաստը, որ հայ արտադրողներն օգտագործում են հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։ Բացի այդ, նշվում է, որ հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։

Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք իրապես առկա են խախտումներ, թե այս ամենն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, և եթե կաթնամթերքի արտադրության ոլորտում խախտումներ են հայտնաբերվել, դա որքանո՞վ է ոտնահարում սպառողի իրավունքները․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ։ 

«Փորձ է արվում այս ամենը ներկայացնել քաղաքական էլեմենտով, բայց հստակ ներկայացվել են բոլոր խախտումները։ Իհարկե, այստեղ քաղաքական էլեմենտ էլ կա, բայց զուտ այն առումով, որ ներքին խողովակով չհայտնեցին խախտումների մասին, այլ՝ արտաքին։ Այսքանով քաղաքական մասը վերջանում է։ Մնացյալը խոսում է սննդամթերքի անվտանգության առումով մեր ունեցած խնդիրների մասին»,- նշեց Պիպոյանը։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմի արձանագրումների մասին, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են։

«Մենք միշտ էլ ասել ենք, որ լավ չի վերահսկվում ոլորտը։ Այստեղ ի՞նչ նորություն կար։ Սննդամթերքի անվտանգության ոլորտում երեք հիմնարար ուղղություն կա՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, այդ ռիսկերի կառավարում, ու գնահատված ու կառավարված ռիսկերի հաղորդակցում։ Ռիսկ գնահատող կառույց չունենք, քանդել ենք։ Չգնահատված ռիսկերը, չգիտես ինչի հիման վրա կառավարվում են, իսկ հաղորդակցում առհասարակ չկա։ Այսինքն՝ ոլորտի հետ կապված այս պատկերը ոնց եղել է, այդպես էլ կա։ Ավելին ասեմ, հանրային դաշտում ով ինչ մոնիթորինգ անում է, խնդիր է գտնում»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը։ 

Ըստ նրա՝ միշտ էլ այս պատկերն է եղել, բայց քանի դեռ դրսից չեն ասում, ոչ մի քայլ չի արվում։

«Անգամ հիմա, շատերը ուզում են ոչ թե ներկա վիճակը տեսնել, այլ ուզում են քաղաքական ինչ-որ ենթատեքստեր փնտրել։ Այո՛, այդ էլեմենտը կա, բայց ինչպես ասացի, դա միայն այնքանով, որ մեզ ոչ թե ներքին, այլ՝ արտաքին խողովակով են տեղեկացրել։ Այսքանով քաղաքականությունն ավարտվում է, ու սկսվում են մեր անվտանգության խնդիրները»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ խնդիրն ավելի սրվեց, երբ սահմանից սննդի տեսուչները դուրս եկան ու մնացին մաքսայինի աշխատողները։

«Ու այս ամենից ելնելով՝ սպառողի իրավունքները խախտված են, ու խախտված են եղել և՛ երեկ, և՛ դրա նախորդ օրը, և՛ այսօր։ Պետությունը փող է տալիս, որ վերահսկողություն իրականացնեն։ Հիմնական սկզբունքից կտրված են գործ անում, ո՞վ է մեղավոր, դրսի մարդի՞կ, որ ասում են՝ չենք ուզում էս ձևով։ Ասում են պատշաճ հսկողություն իրականացրեք, երեք կետով մի ստուգեք, սխա՞լ են անում։ Ո՛չ»,- ամփոփեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։ 

Նարե Գնունի