Եղծահողցի տասնյակ ընտանիքներ կտրվել են միմյանցից, ծանր հիվանդները դեղորայքի խնդիր ունեն․ գյուղապետ

Եղծահողցի տասնյակ ընտանիքներ կտրվել են միմյանցից, ծանր հիվանդները դեղորայքի խնդիր ունեն․ գյուղապետ

Մայրաքաղաք Ստեփանակերտից կտրված Եղծահողում դեղորայքի խնդիր կա, ծանր հիվանդներն այլեւս բուժկետից դեղ ստանալ չեն կարողանում․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Եղծահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

4 օր առաջ, հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանցիները խախտեցին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեցին Արցախի Հանրապետության տարածքում։ Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները փաստացի մայրաքաղաք Ստեփանակերտից կտրվեցին նաեւ լեռնային, գրունտային ճանապարով։ Գրունտային ճանապարհից բացի մեկ էլ Ստեփանակերտ գնում էին Բերձորի ճանապարհով, որը նույնպես ադրբեջանական կողմը ապօրինաբար արդեն 100 օրից ավելի է փակ է պահում։

Եղծահողի գյուղապետն ասում է՝ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, տասնյակ ընտանիքներ կտրվել են միմյանից՝ ադրբեջանցիների կողմից Շուշի-Լիսագոր գրունտային ճանապարհը զավթելուց հետո։

«Բացի այդ, ուսանողներն էլ չեն կարողանում գնալ դասի, դեղորայքի խնդիրն էլ չասած։ Մեր բուժկետը ենթարկվում է Ասկերանի շրջանի բուժմիավորմանը։ Ծանր հիվանդները հնարավորություն չունեն իրենց դեղերը ստանալու»,-հավելեց նա։ 

Ճանապարհը կբացվի, թե ոչ, չի կարող ասել, հույսը դրել է բանակցությունների վրա, որ այս օրերին վարում են Արցախի իշխանությունները։ Գիտի, բայց չի ուզում ծավալվել այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս բանը հասավ նրան, որ Արցախի կեսից ավելին հանձնվեց Ադրբեջանին, կտրվեց Արցախը աշխարհի հետ կապող կենսական ճանապարհը. 

«Չեմ կարող ասել, կներեք»,-ասաց Հակոբյանն ի պատասխան այն հարցին, որ գուցե փակուղի տանող բանակցությունների հետեւանքն է, կամ՝ 44-օրյա պատերազմի նման ելքը։ Ամեն դեքում, հույս ունի, որ հիմա բանակցությունների միջոցով ինչ-որ հարց կարող են լուծել։ 

Բերձորը հանձնելուց հետո Եղծահողը թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ է։ Հակոբյանն ասում է՝ ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է, այս պահի դրությամբ վտանգը մեծ է եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում։ 

«Մեզնից 500 մետր հեռավորության վրա է իրենց հենակետերը, ո՞նց կարելի է չմտածել, որ մի օր դիվերսիա կլինի»,-նկատում է նա։ 

Ադրբեջանի նախագահ Ալիեւը շարունակում է բարձր հարթակներում խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու գործընթացի մասին։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները կրկին առաջարկել են «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ Բաքվում հանդիպում անցկացնել.

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ առաջարկում է Ղարաբաղի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնել Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում», - մասնավորապես ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ի պատասխան՝ Արցախի իշխանությունները պաշտոնապես մերժել են Բաքվում հանդիպելու եւ ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ալիեւի այս առաջարկը։ 

Հակոբյանը եղծահողցիների անունից վստահեցնում է՝ որեւէ մեկը չի պատկերացնում իր կյանքը ադրբեջանցիների հետ․ «Եղծահողցիների մեջ չկա մնան մտայնություն անգամ»,- հավելեց նա։

Լիա Սարգսյան