Ապացույցները բազմաթիվ են, որ ադրբեջանցիներն են ՀՀ քաղաքացիներին առևանգել․ Զեյնալյան 

Ապացույցները բազմաթիվ են, որ ադրբեջանցիներն են ՀՀ քաղաքացիներին առևանգել․ Զեյնալյան 

Իրավական առումով բավականին ապացույցներ և ողջամիտ կասկածից վեր ենթադրություններ կան, որոնք թույլ են տալիս գալ այն եզրակացությանը, որ ադրբեջանցիներն են առևանգել ՀՀ քաղաքացիներին, ապացույցները բազմաթիվ են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը՝ խոսելով նախորդ ամիս մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի առևանգման մասին։ 

Հիշեցնենք, մայիսի 26-ին մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապը կորել էր: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք,  հայտնել էին ՊՆ-ից։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: Սույն թվականի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: 

Նույն ժամանակ Ադրբեջանը պահանջ էր ներկայացրել, որ հայ զինծառայողներին փոխանակեն ավելի վաղ ՀՀ-ում հայտնված երկու ադրբեջանցի զինծառայողների հետ։ Նրանցից մեկը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քաղաքացու սպանության համար:

Հարցին, թե որքանո՞վ է սա իրատեսական, քանի որ ադրբեջանցիների զինծառայողներից մեկը մարդ է սպանել, իսկ մյուսը նշել է, որ փախել է Ադրբեջանից և վերադառնալ չի ուզում, Զեյնալյանը պատասխանեց․ «Դժվարանում եմ ասել, պետք է սպասենք, տեսնենք, թե Դատարանը ինչ որոշում կկայացնի։ Ամեն դեպքում, պետք է կրկին արձանագրենք, որ սա առաջին անգամը, չէ, երբ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցած խմբով առևանգում են ՀՀ քաղաքացիներին։ Երբ ՀՀ քաղաքացիները հայտնվում են Ադրբեջանում, 95 տոկոսով սրանք առևանգման դեպքեր են»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան