Ազգային արժանապատվությունը պետք է պահել․ Բաբայանը՝ Փաշինյանի Անկարա մեկնելու մասին

Ազգային արժանապատվությունը պետք է պահել․ Բաբայանը՝ Փաշինյանի Անկարա մեկնելու մասին

Իհարկե, համապատասխան քաղաքականություն պետք է վարել, փորձել բոլոր հարևանների հետ հարաբերություններ կարգավորել, բայց սա միայն այն դեպքում ընդունելի կլինի, եթե պահպանվեն ազգային շահերն ու արժանապատվությունը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Անկարա մեկնելուն և Արցախում տիրող իրավիճակին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Իրականում, Թուրքիան մեզ համար սովորելու լավ օրինակ է․ տեսնում ենք, թե որքան սկզբունքային են, իրենց շահերը պաշտպանող և սա է պատճառը, որ հասնում են իրենց ցանկացած արդյունքին։ Մենք սա պետք է հաշվի առնենք, որովհետև երբ մենք մեր շահերը չենք պաշտպանում, ազգային արժեքները չենք պահպանում, սրանից կարող են օգտվել նաև ամենամոտ բարեկամ երկրները։ Ցանկացած դիվանագիտական քայլ անելիս, պետք է կարմիր գծով նշել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ սա ազգային շահերի ոտնահարում կլինի, որից անպայմանորեն օգտվելու են և անդառնալի կորուստներ ենք ունենալու։

Հարցին, թե որքանո՞վ է նորմալ գնալ մի երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, երբ այդ երկրի հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունես, զրուցել, ծիծաղել այն մարդկանց հետ, որոնց ծավալապաշտական նկռտումներն ակնհայտ են, վերջինս պատասխանեց․

«Ես գնահատական չեմ ուզում տալ, կարելի է բոլորի հետ հանդիպել, բայց միայն ու միայն ազգային արժանապատվությունը պահելով»,- նշեց Բաբայանը։

Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Բաբայանն ընդգծեց, որ օրհասական վիճակն անփոփոխ է։

«Չափազանց ծանր է. պաշարված, շրջափակված, թշնամին ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան