Ո՞վ կպաշտպանի մարդասպան ադրբեջանցու շահերը ՀՀ-ում

Ո՞վ կպաշտպանի մարդասպան ադրբեջանցու շահերը ՀՀ-ում

«Դատալեքս» տեղեկատվական հարթակը հրապարակել է Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործով դատական նիստի օրը։ 

Այն մի քանի օրից է՝ հունիսի 9-ին, ժամը՝ 16։00-ին։ 

Ըստ տեղակատվական հարթակի՝ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանին, իսկ ադրբեջանցու պաշտպանը փաստաբան Ռուբեն Ղազարյանն է, որը, ըստ էության նշանակվել է որպես հանրային պաշտպան։ 
MediaHub-ի տեղեկություններով՝ Ղազարյանը որոշել է հրաժարվել ադրբեջանցու հանրային պաշտպանի դերը ստանձնելուց։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին են նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։ Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով, դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի: 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 26-ին մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապը կորել էր: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք, հայտնել էին ՊՆ-ից։ Ադրբեջանն այս պահին փորձում է տանել մի գրծընթաց, որի արդյունքում երկու ադրբեջանցիներին կփոխանակի առևանգված զինծառայողների հետ: