ԱԺ-ից ստում են․ ո՞ւմ էին սպասարկում Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենաները առանց ԱԺ նախագահի 

ԱԺ-ից ստում են․ ո՞ւմ էին սպասարկում Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենաները առանց ԱԺ նախագահի 

Մարտի 19-21-ն ընկած հատվածում, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվում էր գործուղման մեջ Բրյուսելում, MediaHub-ը ֆիքսել էր, թե ինչպես են քաղաքում աջ ու ձախ անում ԱԺ նախագահին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Toyota Prado մակնիշի ամենագնացները։ 

Ուստի հարց էր առաջացել՝ ո՞ւմ էին սպասարկում ԱԺ նախագահի համար հատկացված ծառայողական ավտոմեքենան և դրան ուղեկցող մեքենաները, եթե ինքը՝ բուն ԱԺ նախագահը, երկրում չէ։ Ընդ որում, մենք այդ մեքենաները ֆիքսել էինք երկու օր անընդմեջ՝ կառավարական ամառանոցներից դուրս գալիս կամ ամառանոց վերադառնալիս։ Մինչդեռ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն ԱԺ նախագահի բացակայության ընթացքում պետք է գտնվեն ԱԺ գարաժներում՝ անշարժ վիճակում, ու չպետք է շահագործվեն, քանզի դրանք նախատեսված են բացառապես ԱԺ նախագահի տեղաշարժն ապահովելու համար։ 

Հետևաբար MediaHub-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ ճշտելու, թե ում են սպասարկել կամ ում տեղաշարժն են ապահովել ԱԺ նախագահին հատկացված BMW մակնիշի ավտոմեքենան և ո՞ւմ անվտանգությունն են այդ ընթացքում ապահովել տվյալ BMW-ին ուղեկցող երկու Toyota Prado ամենագնացներն այն օրերին, երբ Ալեն Սիմոնյանը գտնվել է արտերկրում, գործուղման մեջ։ Այդ ամենի համար պետական միջոցներից որքա՞ն գումար է հատկացվել վառելիքի և այլ հավանական ծախսերի նպատակով։ 

Այսօր մենք ստացանք մեր հարցման պատասխանը, որտեղ նշված է, որ Toyota Prado մակնիշի մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն տնօրինողն Ազգային ժողովի աշխատակազմը չէ, այլ Պետական պահպանության ծառայությունը։ Իսկ, ահա, ԱԺ նախագահին հատկացված BMW-ի մասով ԱԺ աշխատակազմից ասել են, թե տվյալ տրանսպորտային միջոցը գտնվել է Ազգային ժողովի տարածքում, շահագործվել է միայն տեխնիկական սպասարկման և տեխնիկական խնդիրները լուծելու նպատակով։ 

Եթե իսկապես հավատանք ԱԺ աշխատակազմի պարզաբանմանը, որն ավելի շատ արդարացման է նման, ապա նկատենք, որ տվյալ մեքենաները կարող են տեխնիկական սպասարկում անցնել նախ՝ ԱԺ մեքենաների համար հատկացված հատուկ ավտոտնակում, որտեղ նաև տեխսպասարկման հնարավորություն կա։ Իսկ եթե անհրաժեշտ է այդ մեքենաները տանել պաշտոնական ներկայացուցիչների տեխսպասարկման կենտրոն, ապա ԱԺ աշխատակազմին հիշեցնենք, որ BMW-ի տեխսպասարկման կենտրոնը Երևան-Սևան մայրուղում է՝ Առինջ գյուղի մոտ, իսկ Toyota-ներինը՝ Իսակովի պողոտայում, ու նրանցից ոչ մեկի ճանապարհը չի անցնում կառավարական ամառանոցներով։ 

Այսինքն, եթե իսկապես տեխսպասարկման համար են այդ մեքենաները դուրս բերվել ԱԺ տարածքից, ապա պետք է միայն մեկ ուղեգիծ ունենային՝ Դեմիրճյան փողոցի դարպասներից դեպի Ավան-Առինջ կամ Իսակովի պողոտա, ոչ թե կառավարական ամառանոցներ, որտեղ գործուղման մեջ գտնվող Ալեն Սիմոնյանն է բնակվում։ Հետևաբար, ԱԺ աշխատակազմի կողմից մեզ տրված բացատրությունն առնվազն արժանահավատ չէ, եթե չասենք, որ նրանք բառացիորեն ստում են՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից։ 

Իսկ մենք, հիշեցնենք, երկու օր անընդմեջ մեր աչքով ենք ֆիքսել, թե ինչպես են Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենաները այդ օրերին դուրս գալիս կառավարական ամառանոցներից, ապա վերադառնում նորից ամառանոցներ։

Վահե Մակարյան