Ո՞ւմ է սպասարկում ԱԺ նախագահին հատկացված BMW-ն, եթե Ալեն Սիմոնյանը երկրում չէ

Ո՞ւմ է սպասարկում ԱԺ նախագահին հատկացված BMW-ն, եթե Ալեն Սիմոնյանը երկրում չէ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Բրյուսելում է։ Այսօր նա ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Բայց ԱԺ նախագահին սպասարկող BMW-ն և դրան ուղեկցող երկու Toyota Prado ամենագնացները երկու օր է՝ աջ ու ձախ են անում մայրաքաղաքում։ 

Օրինակ՝ այսօր կեսօրին նկատեցինք, որ դուրս են գալիս կառավարական ամառանոցներից, թե ուր էին գնում՝ հայտնի չէ։ Երեկ դարձյալ այս տարածքում նկատել էինք այդ մեքենաները։ 

Պարզ, տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ են սպասարկում ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները, եթե ինքը՝ ԱԺ նախագահը, երկրում չէ։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի՝ երկրից բացակայելու ընթացքում այդ մեքենաները պետք է կանգնեն ԱԺ «գարաժներում» ու չպետք է տեղաշարժվեն, սակայն երկու օր է՝ մենք ֆիքսում ենք, թե ինչպես են այդ մեքենաները՝ բնականաբար առանց ԱԺ նախագահի, այս ու այն կողմ անում կամ, ժողովրդական լեզվով ասած, զվռնում քաղաքում։

Դրա համար, բնականաբար, նաև վառելիք են դուրս գրում պետբյուջեի հաշվին, որ լցնեն այդ մեքենաների մեջ:

Մենք այս թեմայով հարցում ենք ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով պարզաբանել այս իրավիճակը, նշել, թե Ալեն Սիմոնյանի՝ Բրյուսելում գտնվելու ընթացքում ո՞ւմ են սպասարկել բացառապես ԱԺ նախագահի տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու համար պետական միջոցների հաշվին հատկացված այս մեքենաները։ Նաև խնդրել ենք տրամադրել տեղեկություն այս օրերին այդ մեքենաներն առանց ԱԺ նախագահի շահագործելու համար կատարված ծախսերի մասին։ Պատախանը ստանալուն պես՝ կհրապարակենք։ 

Վահե Մակարյան