Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն 

Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն 

Այսօր MediaHub-ը գրել էր, որ մեզ ահազանգած քաղաքացին հայտնել է, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ Մասնավորապես, անհայտ անձը պատանուն առաջարկել է խոշոր գումարի դիմաց զանգել և ասել, թե «Դալմա մոլ»-ում ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, մերժվել է, ապա քիչ անց Տելեգրամի այդ բաժանորդը ջնջվել է:  

Մենք գրել էինք, որ մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սակայն հանցագործները անցել են նոր ձևաչափի ու, փաստորեն, գրում են անչափահասներին: 

MediaHub-ը դիմեց Ոստիկանություն՝ հասկանալու, արդյո՞ք այս օրերի ընթացքում իրենք ստացել են նմանատիպ ահազանգեր, որ նման գործընթացներում մարդկանց են փորձում ներգրավել կամ որ մարդաշատ վայրերում ռումբ կա տեղադրված:  

MediaHub-ի հարցերին ՆԳՆ-ից պատասխանեցին, որ այս օրերի ընթացքում ոչ մի ահազանգ չեն ստացել ծնողներից, որ իրենց երեխաներին գրում են՝ գումարի դիմաց որևէ առաջադրանք կատարելու մասով: Նաև ասացին, որ վերջին օրերի ընթացքում չի եղել նաև ահազանգ, որ ինչ-որ վայրում ռումբ կա տեղադրված։

Միևնույն ժամանակ հորդորեցին լինել զգոն և տարօրինակ երևույթների դեպքում դիմել իրավապահներին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին հատկապես Տելեգրամ հարթակը դարձել է հարմար ձևաչափ տարատեսակ ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այս հարթակում բավականին ակտիվ է ու տարածված և շատ դեպքերում, ցավոք, հենց անչափահասների ներգրավմամբ:

Մարիաննա Արամյան