Եթե մենք սենց շարունակենք, շատ բան կլինի․ Սյունիքի մարզպետի խոստովանությունը (տեսանյութ) 

Եթե մենք սենց շարունակենք, շատ բան կլինի․ Սյունիքի մարզպետի խոստովանությունը (տեսանյութ) 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ այն կալավանցի տղան, որ պատահաբար նշանակվեց Սյունիքի մարզպետ, այսօր կառավարության նիստից պատահաբար դուրս եկավ հենց այն մուտքից, որի դիմաց լրագրողներն էին կանգնած, ու ստիպված եղավ մի քանի հարցի պատասխանել։ Բայց վայ էն պատասխանելուն։

Mediahub-ը Ղուկասյանին մի քանի հարց է ուղղել, որը ներկայացնում ենք բառացի՝ հարցուպատասխանով՝ նրա պատասխանների ու դատողությունների վերաբերյալ եզրակացությունները թողնելով ընթերցողին։

-Պարոն Ղուկասյան, կասե՞ք՝ ինչպես եղավ, որ ձեր կառավարությունը չորս տարվա մեջ տասը տուն չի կարողանում սարքել։ Դա ինչպե՞ս եք բացատրում։ 

-Բացի Շուռնուխի տասը տներից բազմաթիվ տներ ու շենքեր են, չէ՞, կառուցվում։ 

-Այո, օրինակ՝ «Բյուրեղ» թաղամասում, «Վերածնունդ» թաղամասում, դա՞ նկատի ունեք։ 

-Չէ, այսինքն՝ նկատի ունեմ, մենք խոսում ենք կոնկրետ ծրագրի մասին, մենք չենք խոսում, որ Հայաստանում ընդամենը տասը տունն է կառուցվում։ 

-Բայց Շուռնուխինը առանձին ծրագիր է ու պետք էր հրատապ կառուցել։ 

-Խնդրում եմ Քաղաքաշինության կոմիտեի հետ կապվել, որովհետև պատվիրատուն իրենք են։ 

-Բայց մարզի ղեկավարը Դուք եք, Դուք ղեկավարում եք մի մարզ, որը սահմանամերձ է, որի մի մասը ձեր կառավարությունը հանձնել է թշնամուն, խոստացել է դրա դիմաց տասը հատ տուն սարքել, ու տասը տունը չորս տարում չեն կարողանում սարքել, նորմա՞լ է դա։

-Ձեր ձևակերպումներն արդեն․․․ 

-Ո՞րն է մեր ձևակերպումը, Գորիս-Կապան մայրուղին, օրինակ, չե՞ք հանձնել, Շուռնուխի մի հատվածը չե՞ք հանձնել։ 

-Հանձնե՞լ։

-Այո, մե՞րը չէր դա, երեսուն տարի մե՞րը չէր:

-Եթե ուզում ենք, որ մերը լինի, ամեն ինչը մերը լինի, միակ ճանապարհը, որ կա․․․

-Պետք է չհանձնել։ 

-Պետք ա լինել միասնական։

-Դե, միասնական ենք ու ասում ենք՝ «մի՛ հանձնեք», միասնաբար ասում ենք՝ «մի՛ հանձնեք այդ տարածքները, դրանք մերն են»։ 

-Դրա համար պետք է կռվել։ Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսը, երբ որ պատերազմ է․․․ 

-Իսկ որ կռվում են, ու զենք չեն տալիս, դա նորմա՞լ է։ Տավուշի մարզի Ոսկեպարի բնակիչներն ասում են՝ «մեզ զենք տվեք, մենք կպաշտպանենք»։ 

-Ես երեք տարի է Սյունիքի մարզում եմ, երկու տարի է՝ մարզպետ եմ, էնտեղ չի եղել էնպիսի պատերազմ, որտեղ զենք չի եղել։ 

-Իսկ չե՞ն կռվում էնտեղի ժողովուրդը, չե՞ն ուզում։ 

-Ժողովուրդը կռվում է, բայց պետք ա մենք էդ մարդկանց աջակցենք, ոչ թե ամեն ինչ անենք, որ պառակտենք։ Որ պառակտենք, բանի՞ ենք հասնելու։ 

-Դե, հա, դա պետք է Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չպառակտի։ 

Սրանից հետո Ռոբերտ Ղուկասյանը որոշեց կառչել մեր ասած «հա» բառից, մանիպուլացնել մեր արձագանքն ու դա շուռ տալ մեր դեմ՝ իբրև թե մենք կողմ ենք պառակտմանը։ Նորից շեշտեցինք, որ մենք կողմ չենք պառակտմանը և հորդորեցինք ասել իրենց կառավարության ղեկավարին, որ այ հենց ինքը չպառակտի։ 

Քայլելու ընթացքում հարցրինք նաև՝ Գորիս-Կապան մայրուղին մե՞րն էր, թե՞ ադրբաջանական է։

Մարզպետը լավ չհասկացավ մեր հարցը․ «Ի՞նչ է նշանակում՝ մերն էր, թե ադրբեջանական»։

Ասացինք, որ ուղիղ հենց դա էլ նշանակում է՝ մե՞րն էր, թե՞ ադրբեջանական է, և ինչո՞ւ է հիմա ադրբեջանական վերահսկողության տակ։ «Եթե մենք սենց շարունակենք, շատ բան կլինի․․․ Եթե միասնական լինենք, իրար օգնենք, հաստատ հաջողության կհասնենք»,- ակամա խոստովանեց Ղուկասյանը։

Նրա այս մի ասածի հետ չէինք կարող չհամաձայնել, ասացինք, որ ճիշտ է ասում, եթե իրենք այսպես շարունակեն, շատ բան մերը չի լինի, ուստի հարցրինք՝ ինչո՞ւ են շարունակում։ Ղուկասյանը, չկարողանալով այլևս պատասխանել մեր հարցերին, սկսեց մեզ նորից մեղադրել, թե իբր պառակտում ենք կամ նպաստում ենք պառակտմանը, հանձնմանը և այլն։ Նրան, բնականաբար, հիշեցրինք, որ պառակտում և հանձնում են իրենք, այլ ոչ թե մենք։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան