MediaHub-ը գրել էր, որ մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոտածածկը լուրջ վնասվել է։ Եվ սա նաև ֆինանսական ծախս է առաջացրել:
Տարվա ֆուտբոլային հանդիպմանը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, ընդամենը երկու օր է մնացել, և համացանցը ողողված է լուրերով, որ մարզադաշտը պատրաստ չէ: Ավելին՝ հենց այդ պատճառով անգամ մարզումներն այնտեղ չեն անցկացվում:
Ավելի վաղ MediaHub–ին ՀՖՖ–ից հայտնել էին, թե ամբողջ աշխարհում տարածված, նորմալ գործընթաց է՝ մեծածավալ միջոցառումներից հետո մարզադաշտերի խոտածածկն անցնում է վերականգնողական փուլ։
Մի քանի օր առաջ մենք կրկին դիմեցինք ՀՖՖ–ին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք խոտածածկը պատրաստ է, և մարզադաշտը վերականգնվել է․
«Բեմը, պլաստմասե ֆանզոնայի ծածկույթն ու մյուս իրերը վնասել էին հանրապետական մարզադաշտի խոտածածկը. ՈւԵՖԱ-ն այն ընդգրկել էր որակավորման բարձր ռիսկային մարզադաշտերի ցանկում։ Մասնագետները անցան գործի, ապա ՈւԵՖԱ-ի պատվիրակը շրջայց է կատարել մարզադաշտում, ուսումնասիրել խոտածածկն ու գոհունակությամբ հեռացել։ Ֆուտբոլի դաշտը պատրաստ է խաղին»,- հավաստիացրեցին մեզ ՀՖՖ–ից։
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, որ չնայած նման հավաստիացումներին, այդուհանդերձ, խոտածածկը պատրաստ չէ, և դրա վառ ապացույցն այն է, որ մարզումները այդտեղ չեն անցկացվում, ՀՖՖ–ից արձագանքեցին, որ Պորտուգալիայի և Իռլանդիայի նախաղային մարզումները տեղափոխվել են ֆուտբոլի ակադեմիա։ Բայց թե ինչո՞ւ՝ չմեկնաբանեցին:
Նշենք, որ պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 23:30-ին։
Մարիաննա Արամյան