Համացանցում բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոտածածկը վնասվել է։ Եվ սա նաև ֆինանսական ծախս է առաջացրել:
Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, ժամը 20։00-ին տեղի կունենա Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային խաղը։ Ֆուտբոլի երկրպագուներն անհանգստացած են, որ համերգից հետո խոտածածկի վնասվելը, հնարավոր է, խանգարի Հայաստան–Պորտուգալիա խաղի անցկացմանը։
MediaHub–ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հասկանալու՝ ի՞նչ են մտածում այս մասին ՀՖՖ–ում, արդյո՞ք խոտածածկի վնասվելը կխանգարի կայանալիք խաղին։
«Սա ամբողջ աշխարհում տարածված, նորմալ գործընթաց է՝ մեծածավալ միջոցառումներից հետո մարզադաշտերի խոտածածկն անցնում է վերականգնողական փուլ։ Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո մեր մասնագետներն անմիջապես սկսել են նախատեսված աշխատանքները՝ խոտածածկը որակապես առավել լավ վիճակի բերելու համար»,– MediaHub–ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նաև փոխանցեցին, որ առկա ժամկետները լիովին բավարար են մարզադաշտի խոտածածկը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանեցնելու համար։
MediaHub–ի հարցին, թե հնարավո՞ր է, եթե չհասցնեն վերականգնել, հանդիպումը տեղափոխվի, օրինակ, «Հրազդան» մարզադաշտ, ՀՖՖ–ից պատասխանեցին․ «Հանդիպումը «Հրազդան» մարզադաշտում անցկացնել չի նախատեսվում»։
Նշենք, որ Լոպեսի Ուբեկստանում համերգից հետո ևս լուրջ վնասվել է «Բունեդկոր» մարզադաշտը, որի վերականգնման համար, ըստ մասնագետների, կպահանջվի երկու ամիս ժամանակ:
Մարիաննա Արամյան