Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՆԳՆ-ն փորձում է «սրբադասե՞լ» Նարեկ Մկրտչյանի եղբորը

Blog Image

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գիշերը թմրանյութ պահելու կասկածանքով Փարաքար համայնքում ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ 

ՆԳՆ-ից որոշ ճշտումներ անելուց հետո MediaHub-ին հայտնեցին հետևյալը․  «Սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։ 

Փաստորեն, ՆԳՆ-ն տևական ժամանակ ճշտումներ անելուց հետո հանկարծ «հայտնաբերել է», որ Նարեկ Մկրտչյանի եղբայրն անմեղ է՝ նրա մոտ որևէ կասկածելի իր, որևէ թմրանյութ կամ զենք չի հայտնաբերվել, այդ կողքի «վատ ուղևորն» է թմրանյութով ու զենքով պայուսակ ունեցել իր մոտ։ 

Ի դեպ, ըստ տեղեկությունների, երբ պարեկները կանգնեցրել են Մկրտչյանի վարած Maserati Levante մակնիշի թանկարժեք ավտոմեքենան, հենց այդ պայուսակը դեսպանի եղբայրը անմիջապես տվել է կողքի ուղևորին, որն էլ այն վերցրել ու փախել է, որ հանկարծ դա Նարեկ Մկրտչյանի եղբոր վրա չմնա։ Հիմա էլ իրավապահները, փաստորեն, օգտվում են այդ հանգամանքից, որ դեսպանի եղբորը «սրբադասեն» ու բաց թողնեն՝ իբր ինքը որևէ բանի հետ կապ չի ունեցել, տվյալ մեքենայի ղեկին էլ, հավանաբար, լրիվ պատահաբար՝ իր կամքից անկախ հանգամանքներում է հայտնվել։ 

Վահե Մակարյան

Send