Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը, որի գրպանում եղել է փոքր պարկերով թմրանյութ: Այս մասին գրում է լրագրող Սյուզի Բադոյանը:
MediaHub-ը ճշտեց սկանդալային միջադեպի մանրամասները: Այսպես, դեսպանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ են հայտնաբերել, նաև զենք։ Նա գիշերը եղել է 01 WM 808 պետհամարանիշի, Maserati Levante մակնիշի մեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված, և երբ պարեկները կանգնեցրել են տվյալ մեքենան, Նարեկ Մկրտչյանի եղբայրը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել է կողքի նստած տղամարդուն։ Պարեկներն իջեցրել են մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել է ու փախել՝ ընթացքում ձեռքից գցելով այն։ Պարեկները վերցրել են պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ նախնական տեղեկությունների, թմրանյութ են հայտնաբերել։
Մկրտիչ Մկրտչյանին անմիջապես ձերբակալել են, իսկ կողքի ուղևորին դեռ փնտրում են։
ՆԳՆ լրատվականից MediaHub-ին ասացին՝ տեղեկությունները ճշտում են, ավելի ուշ մանրամասներ կհաղորդեն։
Վահե Մակարյան