Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 3,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի կեսն է։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ նման վիճակի համար պատճառները շատ կարող են լինել սկսած նրանից, որ անցած տարիներին Ռուսաստանը զուգահեռ արտահանում և ներկրում էր իրականացնում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ հիմնականում ոսկու տեսքով, ինչի հետևանքով էլ առևտրաշրջանառությունը շուրջ 18 մլրդ էր կազմում, իսկ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 8 մլրդ դոլարի էր հասել։
«Պատճառներից մեկը կարող է լինել նաև քաղաքական, օրինակ, այն օրենքը, որ ընդունվեց Հայաստանում՝ Եվրոպական միության անդամակցելու վերաբերյալ, և նույն Օվերչուկը բազմիցս նշել է՝ դա հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը և ԵԱՏՄ կարգին: Բացի այս, մի հանգամանք էլ կա՝ Հայաստանը Ռուսաստան է արտահանում հիմնականում գյուղմթերք և վերամշակված արտադրանք, իսկ թե ինչ վիճակ է այդ ոլորտներում, բոլորս գիտենք»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։
Միջազգայնագետի խոսքով՝ այս տարի Հայաստանի արդյունաբերությունը 12.1% անկում է ապրել, և դրա մեջ ներառված են նաև գյուղմթերք արտադրող ընկերությունները։
«Այս ամենին գումարենք նաև Վրաստանի քաղաքականությունը, նրանք այս տարի սկսել են արգելափակել հայկական բեռնատարների տարանցիկ անցումը՝ իրենց պատճառներով, որը առանձին քննարկման հարց է, բայց դա նույնպես, ըստ էության, անդրադարձավ հայ-ռուսական արտաքին առևտրի կամ փոխադարձ առևտրի հաշվեկշռի վրա»,- հավելեց Բալասանյանը։
Ճշտող հարցին, թե այս երևույթը ինչպե՞ս է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, մեր զրուցակիցը նշեց, որ անմիջականորեն բացասաբար, քանի որ Հայաստանի արտահանման 90%-ը դեպի Ռուսաստան է և ԵԱՏՄ շուկա է իրականացվում։
«Հայաստանը ընդամենը 2,5 մլրդ դոլարի կարգի է արտահանում իրականացնում դեպի Եվրամիություն (հիմնականում հանքաքար) և մոտ 300 մլն դոլար է կազմում արտահանումն ԱՄՆ։ Այսինքն՝ առյուծի բաժինը ընկնում է Ռուսաստանին։ Եվ պատկերացնենք, որ շուրջ 600 հազար արտագնա աշխատողներ աշխատում էին Ռուսաստանում ու գումար էին բերում Հայաստան, դրան գումարած 400 հազար աշխատող գյուղոլորտում էր զբաղված, հետևաբար գյուղատնտեսական ծանր վիճակում ենք հայտնվելու»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Էմմա Մարտիրոսյան