Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին՝ որպես առողջապահության նախկին ու ներկա նախարարների, համեմատելու առիթ շատ ենք ունեցել։ Ոլորտի ներկայացուցիչների մի մասը գովում է Թորոսյանին, մի մասը՝ Ավանեսյանին։ Այսօր, սակայն, այս երկու նախարարներին ստիպված ենք համեմատել ոչ թե որպես կոնկրետ ոլորտային պաշտոնյա, այլ՝ իրենց մարդկային որակներով, մարդկանց, այդ թվում՝ լրագրողների հետ շփվելու, ճիշտ հարաբերվելու կարողությամբ, հանդուրժողականությամբ, որպես պաշտոնատար անձ՝ իրենց ցուցաբերած պահվածքով և զսպվածությամբ կամ դրա բացակայությամբ։
Սկսենք Արսեն Թորոսյանից, որն այսօր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում, առաջին անգամ էր շփվում լրագրողների հետ։ Ու հենց առաջին իսկ փորձից նա հերթական անգամ փայլեց իր բռի և անտակտ պահվածքով։ Ինչո՞ւ՝ հերթական անգամ, քանի որ Թորոսյանը առաջին անգամ չէ, որ իրեն այդպես «սարեցու» նման է պահում լրագրողների հետ շփումներում, դրանից առաջ էլ Ազգային ժողովում էր այդպիսի պահվածքով աչքի ընկնում, ու թվում էր՝ գործադիրում մի քիչ փոխված կլինի, ինչպես, օրինակ, Լոռու նորանշանակ մարզպետ, ԱԺ-ում ընդդիմադիրների հանդեպ «առյուծ կտրող» Արեն Մկրտչյանն էր այսօր իրեն պահում լրագրողների հետ զրույցում՝ մեղմ ու քաղաքավարի։ Իսկ Թորոսյանը, հավանաբար, կա՛մ մանկուց է այդպես սովորել, ավելի ճիշտ՝ նրան մանկուց, հավանաբար, չեն սովորեցրել, որ պետք է մարդկանց հետ քաղաքավարի լինել, լսելու կարողություն ունենալ, չկոպտել, մուննաթ չգալ, տարրական էթիկայի ու տակտի զգացում ունենալ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի թիմում հայտնվելուց է լեզուն այդպես բացվել։
Այսօր նա, չլսելով մինչև վերջ լրագրողների հարցերը, նախ սկսեց հեգնել, թե՝ «վերջացրի՞ք, հենց վերջացնեք, ասեք», հետո սկսեց գնահատական տալ լրագրողի ձևակերպած շատ կոռեկտ հարցին՝ այդպիսով հերթական անգամ թևերը փռելով իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի վրա։
Նախ, Թորոսյանը կարող է տարրական ֆայմի զգացում ունենալ ու ենթադրել, որ երբ լրագրողն իր հարցը շարադրի, վերջացնի, ինքը դա շատ արագ կզգա, որ եթե լրագրողն այլևս չի խոսում, հետևաբար վերջացրել է։ Դրա համար շատ խելք պետք չէ։ Բայց այ դրա վրա լրագրողին կոպտելու համար առնվազն անտակտության ավելցուկ է պետք, որը Թորոսյան Արսենի մոտ առավել քան նկատելի է։
Մի երկու այդպիսի «լեզվակռվից» հետո, ի վերջո, մենք՝ լրագրողներս, Թորոսյանին հուշեցինք, որ եթե այդպես պետք է շփվի, կարող է հենց հիմա դադարեցնել ճեպազրույցն ու հեռանալ։ Այդպես էլ արեց՝ դադարեցրեց ու գնաց, և մենք նրան այլևս հարցեր չտվեցինք։
Արդեն դրսում հանդիպեցինք միջոցառման շտապող Անահիտ Ավանեսյանին, որի ոտքի տակ, ասում են, Թորոսյանն այս տարիներին փորում էր, որ ինքը դառնար նորից առողջապահության նախարար, սակայն չկարողացավ իր գլխավոր ախոյանին արանքից հանել, ու ստիպված նշանակվեց սոցնախարար։
Ավանեսյանին անձամբ մենք շատ ենք քննադատել, ամենաթարմը մարզային ԲԿ-ների միավորման վերաբերյալ Ավանեսյանի հնարած նախագծի մասին հոդվածն էր, որտեղ նշել էինք, որ Ավանեսյանն ուզում է քանդել մարզային ԲԿ-ները։
Հենց այս թեմայով էլ այսօր մոտեցանք միջոցառման շտապող Անահիտ Ավանեսյանին, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք իր հետ այս նախագծի վերաբերյալ առանձին հարցազրույց անել՝ «որպեսզի միանձնյա իրեն չքննադատենք, մի քիչ էլ իր օգնությամբ իրեն քննադատենք»։
Ավանեսյանը, որ շատ լավ հետևում է մեր ամեն մի հրապարակմանն ու քննադատությանը, ժպտաց մեր ասածի վրա ու ասաց․ «Այո, իհարկե, երբ ուզում ես՝ արի, Վահե ջան»։
Իհարկե, շատ են դեպքեր եղել, երբ Անահիտ Ավանեսյանի ու լրագրողների միջև շփումներն էլ հարթ չեն ստացվել, այդ թվում՝ անձամբ մեզ հետ, եղել են դեպքեր, երբ սուր հարցուպատասխան է ծավալվել մեր և Ավանեսյանի միջև, վերջում նեղսրտել է մեզնից, մեր հնչեցրած հարցերից և հեռացել, բայց երբեք իրեն անտակտ ու անքաղաքավարի չի պահել մեր հանդեպ։
Ավանեսյանը, որ ամենահասանելի ու լրագրողների հարցերից չխուսափող պաշտոնյաներից է, իրեն շատ հասանելի ու քաղաքավարի է պահում նաև կառավարության դիմաց հավաքված սևազգեստ մայրերի, տարբեր հարցերով կառավարության մոտ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների հանդեպ, նույնիսկ երբ իրեն են կոպտում կամ վիրավորում զայրացած քաղաքացիները, նա, միևնույն է, զուսպ ու քաղաքավարի վարք է դրսևորում, հանդուրժող է գտնվում մարդկանց հանդեպ, միշտ մոտենում ու լսում է նրանց խնդիրները։ Այսօր ևս այդպես էր՝ շտապում էր, բայց կանգնեց լսեց սևազգեստ մայրերին, խոսնակին հանձնարարեց՝ գրի առնել ու կապ հաստատել, մեր հարցին էլ պատասխանեց, խոստացավ հարցազրույց տալ՝ երբ ուզենք, ու գնաց։
Սա բնավ չի նշանակում, որ Անահիտ Ավանեսյանը շատ լավ նախարար է կամ Թորոսյանից ավելի լավն է՝ որպես նախարար, և նրան հետագայում էլ, առիթի դեպքում, չենք քննադատելու, սուր հարցեր չենք տալու, չենք «նեղելու կամ նեղացնելու»։ Բայց զուտ մարդկային որակների ու վարքի առումով՝ նրա և Թորոսյան Արսենի տարբերությունն ակնհայտ է։ Ու առնվազն այս մասով Ավանեսյանն իրեն ապահովագրել է անձնական բնույթի քննադատություններից, մասնագիտականն էլ՝ ըստ իր կատարած աշխատանքի։
Վահե Մակարյան