Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պարոն Ալեքսանյան, Ձեր մաթեմատիկայի ուսուցչին է՞լ եք այդպես պատասխանել

Blog Image

Այն, որ լրագրողները դարձել են ՔՊ-ի «աչքի փուշը», վաղուց է հայտնի։ Պատճառն էլ է պարզ. հաճախ ընդդիմությունից ավելի արագ հենց լրագրողներն են «բռնում» իշխանության ստերը, ցույց տալիս, թե գործող վարչախումբը ինչ է բերում մեր մի բուռ մնացած երկրի գլխին, ու դեռ ինչեր է բերելու։ 

Եվ այս ֆոնին բնական է, որ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» թեզով առաջ գնացող պատգամավորները հարցերին կոնկրետ պատասխան տալու փոխարեն պարզապես սկսում են լրագրողներին թիրախավորել՝ անդրադառնալով նրանց ներկայացրած լրատվամիջոցների ֆինանսավորմանը, ենթադրյալ «պատվեր կատարելուն»։

Ու ՔՊ-ականները սա անում են արդեն ութ տարի՝ փախչելով ու խուսափելով իրենց համար խոցելի ցանկացած հարցի պատասխանելուց։ Իհարկե, մենք լավ ենք հասկանում, որ ութ տարի երկիր կառավարելուց ու անհաշվելի ճակատագրական սխալներ ունենալուց հետո ՔՊ-ականներն ուրիշ ասելիք չունեն, բայց արդեն մի քիչ հին է իրենց այդ «պլաստինկան», ինչպես պտտում, ընդդիմադիր լրատվամիջոցների մասին նույն երգն ենք լսում։ Ե՞վ..., հետո՞, պարոնայք, հարցից փախչելուց դրա էությունը փոխվո՞ւմ է, դուք էլ որևէ բանում մեղավոր չե՞ք։ Տպավորություն է, որ դուք դպրոցում էլ մաթեմատիկայի ուսուցչի հարցին եք նույն ձևով պատասխանել, ասենք, ուղղանկյունի քառակուսին հաշվելուց առաջ հարցրել եք՝ իսկ ո՞ւմ է համակրում այդ ուսուցիչը, կամ քաղաքական ինչ հայացքներ ունի։ Եվ կախված ուսուցչի պատասխանից, փոխվել է նաև ձեր պատասխանը։ Ծիծաղելի է, չէ՞, պարոնայք։ Ձեր՝ նման վարքագիծը գուցե տարիներ առաջ որոշակիորեն ընկալելի էր, քանի որ հանրությունը բավականին խորը թմբիրի մեջ էր, լրագրողների բարձրաձայնած ու ցույց տված խնդիրներն այդքան էլ չէր ընկալում կամ չէր ուզում ընդունել. դե, հակառակ կողմում ձեր թիմն էր, որ անընդհատ վախեցնում էր «բոբո» նախկիններով։ 

Հիշո՞ւմ եք՝ այդ ժամանակ ինչպիսին էր ձեր պատասխանը. «կոռուպցիայի մե՞ջ է մեղադրվում մեր թիմակիցը, բա մոռացե՞լ եք Սաշիկի 50-50-ները», «մեքենայի տա՞կ ենք գցել հղի կնոջն ու սպանել նրան ու իր երեխային, բա հիշո՞ւմ եք նախկինների պադավատները, որ սկի կարմիր լույսի տակ չէին կանգնում»։ Սա էր ձեր արձագանքը ցանկացած հարցին, բայց եթե նախկինում դա որոշ դեպքերում հանրության փոքր խմբի համար ընդունելի էր, ապա այժմ էլ չի անցնում, պարոնայք, այժմ այդ՝ արդեն հազար անգամ երգված երգերից հանրությունը զզվել է։

Վերադառնալով ձեր հանրահաշվի դասերին՝ թերևս չենք սխալվում, որ այդ առարկային մատների արանքով եք նայել ու պատասխանելիս էլ առաջնորդվել եք ուսուցչի քաղաքական հայացքներով. ձեր թիմակից Վահագն Ալեքսանյանի այսօրվա «լուրջ մաթեմատիկական հաշվարկներն» են սիպում այդպես մտածել։ 

Այսօր նա հայտարարում էր, թե ընդդիմադիր լրագրողները 600 հազար դրամ աշխատավարձ են ծրարներով ստանում։ Իսկ ինչպե՞ս է նա այդ հաշվարկն արել։ Այո՛, չեք կարող ասել, քանի որ ոչ մի հաշվարկ չկա. ինչպես միշտ լղոզված ու չհիմնավորված հայտարարություն է նետվում դաշտ՝ լրագրողներին լռեցնելու հույսով։

Բայց դա, պարոնայք, արդեն շատ հնացած մեթոդ է, էլ չի աշխատում։ Եթե դուք առնվազն մեկ փաստ ունենայիք, արդեն մոտ 10 հոլովակ էիք նկարել ու ցույց տվել, որ հիմա էլ «թալանչի լրագրողներն» են պատվեր կատարում ու կեղեքում այս երկիրը։ Կամ եթե անգամ այդպես է, եթե անգամ մենք կամ մեր գործընկերներն այդքան աշխատավարձ ենք ստանում, հետո՞։ 

Եթե որևէ լրագրող ասեր՝ այո, ես այդքան աշխատավարձ եմ ստանում, դուք, պարոն Ալեքսանյան, հարցին կպատասխանեի՞ք։ Ինչպես դուք եք ենթադրում, որ լրագրողներն ընդդիմությունից հանձնարարություն ու ծրարներով գումար են ստանում ձեզ հարցեր տալու համար, մենք էլ ենթադրում ենք, որ չէ, այդքան «տղամարդկություն չէիք ունենա»՝ խոստովանելու, որ մի երկրում, որտեղ մարդիկ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, մարդկային չէ նման ճոխ պարգևավճարներ ստանալը։ Եվ բացի այդ, եթե անգամ լրագրողները գրեթե Ձեզ հավասար աշխատավարձ են ստանում, դուք տարբերությունը չեք նկատո՞ւմ, Ձեզ հարազատ արտահայտությամբ արձագանքենք՝ լո՞ւրջ եք ասում։ Ախր, պարոն Ալեքսանյան, դուք պետական բյուջեից եք այդ պարգևավճարը ստանում, նաև լրագրողների վճարած հարկերից։ 

Այնպես որ, պարոն Ալեքսանյան և մյուսներ, լրագրողի հարցին չպատասխանելու համար հին երգը երգելն արդեն ակտուալ չէ, հակառակ դեպքում մենք էլ կարող ենք հազարավոր բաներ ենթադրել ու ասել, ինչպես դուք եք անում՝ չունենալով որևէ հիմք։ 

Նարե Գնունի

Send