Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաստորեն, բանակ գնացած տղաներն անգրագետ են, իսկ Քոչարյան Անդրանիկի որդին՝ «բարձրակարգ»

Blog Image

«Իմ տղան բարձրակարգ տղա է, իր չափ գիտելիք դու էլ ունենաս, չես ծառայի»,- երեկ Ազգային Ժողովում նման հայտարարություն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իր տղան ինչու չի ծառայել բանակում։

Արդյո՞ք սա չմտածված հայտարարություն էր, թերևս՝ ոչ. տասնյակ տարիներ քաղաքականության մեջ գտնվող մարդը դժվար թե նման ձևով վրիպեր։ Ուստի պետք է շատ ուղիղ հասկանալ Անդրանիկ Քոչարյանի խոսքը. իր համար իր չծառայած տղան է «բարձրակարգ», ու երևի նաև մյուս «դասալիքները», որոնցից շատերը հենց կրթվելու պատրվակով են փախել ծառայությունից, իսկ բանակ գնացածներն ու սահման պահողները անգրագետ ու «ոչ բարձրակարգ» մարդիկ են։

Քոչարյանն իր այս հայտարարությամբ մի բան է ակնարկում՝ եթե «բարձրակարգ ու խելացի ես», պիտի չծառայես։

Իհարկե, մենք չենք կարող թերագնահատել կրթությունը, և այո՛, կան մարդիկ, որ գիտության ուղին են ընտրում և օրենքով սահմանված կարգով ազատվում են ծառայությունից, բայց արդյո՞ք դա «քիթը ցցելու» առիթ է։ Ի՞նչ իրավունք ունի պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն անելու և ստորադասելու այն հազարավոր երիտասարդներին, որոնք պաշտպանում են մեր հայրենիքը։

Խնդիրը միայն ասված խոսքը չէ։ Խնդիրը դրա լեգիտիմացումն է։ Երբ նման միտք է հնչում շարքային քաղաքացու կողմից, դա կարծիք է, երբ նույնն ասում է պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա արդեն ուղերձ է ողջ համակարգին։

Բա եթե բարձրակարգ տղաները չեն ծառայում, ինո՞ւ եք գնում Եռաբլուր ու խոնարհվում զոհերի հիշատակին, չէ՞ որ այնտեղ հանգչում են ծառայած տղերքը, որ հանուն հողի ընկան։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դուք, բարձրակարգ տղայի հայր լինելով, խոնարհվում եք ձեր աչքում ոչ բարձրակարգների շիրիմներին։

Ի դեպ, այդ ձեր աչքին է ձեր որդին «բարձրակարգ», շատերի համար նա «դասալիք» է, «պապայի տղա», ում բախտը բերել է, որ հայրը պաշտոնյա է և կարողացել է իրեն ազատել ծառայությունից։ Գուցե հենց այդպես է, ու մարդկանց մի ստվար զանգված շատ էլ ճի՞շտ է մտածում, պարոն Քոչարյան։

Հետաքրքիր է, չէ՞, պարոն Քոչարյան, այն թիմը, որտեղ նաև դուք եք, միշտ նախկիններին թիրախավորում է, թե նրանց որդիներն ազատվել են ծառայությունից, բայց անգամ այդ դեպքում ոչ մի նախկին՝ ձեզ հակադարձելու համար նման հայտարարություն չի արել, իսկ դո՞ւք…, դուք, թերևս ամենակարմիր գիծը հատեցիք՝ անելով ձեր կյանքի, թերևս, ամենաստոր հայտարարությունը, որի համար գոնե պիտի հրապարակային ներողություն խնդրեք. ծառայող, ծառայած ու հանուն հայրենիքի ընկած տղաների ծնողները հնարավոր է ներեն ձեզ, իրենք այդ վեհությունն ունեն։

Իսկ պետությո՞ւնը... այ, պետությունը, պարոն Քոչարյան, նման հայտարարությունները չի կարող «ներել»։ Որովհետև այստեղ հարցը միայն բարոյական չէ, այստեղ հարցը պետական մտածողության, պատասխանատվության և արժեհամակարգի մասին է։

Նարե Գնունի

Send