Խորթ մոր կողմից մեկ տարեկան երեխայի սպանությունը ցնցեց բոլորին. հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում պարբերաբար երեխայի նկատմամբ բռնություն գործադրելուց հետո մարտի 15-ին խորթ մայրը փորձել էր սպանել փոքրիկին։ Յոթ օր կյանքի համար պայքար տալուց հետո երեխան մահացավ, խորթ մայրն էլ կալանքի տարվեց։ Իսկ ահա երեկ հայտնի դարձավ, որ Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով։
Փաստացի, քրեական գործով այս պահին անցնում են նաև երեխայի կենսաբանական մայրն ու հայրը, որը դեռ հայտնի էլ չէ՝ երեխայի կենսաբանական հա՞յրն է, թե՝ ոչ։ Նախաքննությունը ցույց կտա՝ երեխայի հարազատ հա՞յրն է այս ամենը թույլ տված տղամարդը, թե՞ պարզապես մոր նախկին կողակիցը։ Երկու դեպքում էլ արարքն արդարացում չունի։ Բայց այստեղ այլ և շատ ավելի կարևոր հարց է առաջանում. ինչո՞ւ երեխան հարազատ մոր մոտ չէր, եթե հաշվի առնենք դատախազության պաշտոնական հայտարարությունը, առնվազն երեք ամիս՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում երեխան եղել է խորթ մոր մոտ, և դա այն պարագայում, երբ մայրը ողջ-առողջ է ու կարող էր երեխային խնամել։ Մեկ այլ հարց ևս բաց է մնում. երեք ամսվա ընթացքում որևէ հարևան չի՞ լսել կամ տեսել, որ երեխան բռնության է ենթարկվում, հարազատ մայրն է՞լ ոչ մի անգամ տեսության չի գնացել ու նկատել, որ երեխան պարբերաբար բռնության զոհ է դառնում։ Իսկ սոցաշխատողնե՞րը։ Լրատվականներում բազմաթիվ հրապարակումներ եղան, թե ինչ պայմաններում է ապրել երեխան՝ խորթ մոր ու հոր (գուցե ոչ կենսաբանական) հետ մի հարկի տակ։ Լուրեր կան անգամ, որ կնոջ կողակիցը կավատությամբ է զբաղվում ու երեխային էլ մորից վերցրել ու իր մոտ է պահել, որպեսզի մորը ստիպի աշխատել իր համար։
Եթե այս ամենը հասանելի է դարձել, ինչպե՞ս պատասխանատու օղակները չեն իմացել այս ամենի մասին, ինչպե՞ս է ստացվել, որ այս ընտանիքը բոլորի աչքից վրիպել է, մեկ տարեկան երեխայի նկատմամբ բռնությունն ինչպե՞ս է այդպես թաքուն պահվել, ինչպե՞ս պետությունն ուշադրություն չի դարձրել հանգամանքին, որ մի տան մեջ ոչ լավ պայմաններում, ըստ երեխայի մոր, ապրում են բազմաթիվ երեխաներ՝ ծնված իր ամուսնու տարբեր զուգընկերուհիներից։ Հարցերը շատ-շատ են, նաև հասկանալի չէ, թե ինչու է 21-ամյա մայրը երեխային թողել իր ամուսնու մոտ՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Ի՞նչը կարող է կնոջը ստիպել մտածել, որ մեկամյա որդու համար ավելի ապահով է ոչ թե իր, այլ հոր ու խորթ մոր մոտ։ Ավելին, երեխայի մայրը չի էլ հավատում, որ փոքրիկին խորթ մայրն է ծեծել, քանի որ վերջինս իր ընկերուհին է, նա մտածում է, որ ամուսնու զուգընկերուհիներից մեկ ուրիշը կարող էր նման բան արած լինել։ Պատմությունը բավականին անհասկանալի է..., բայց մեզ համար, իսկ պատասխանատու օղակների համար պիտի որ ամեն ինչ տեսանելի լիներ, քանի որ պետության պարտականությունն է սոցաշխատողների միջոցով կապ պահել նման ընտանիքների հետ, ստուգայցեր իրականացնել։ Եթե երեք ամսվա ընթացքում գոնե մեկ ստուգայց լիներ, գուցե փոքրիկի մարմնի կապտուկները նկատվեի՞ն, գուցե հնարավո՞ր լիներ փրկել նրան այդ անհասկանալի ընտանիքից։
Ինչպես արդեն նշեցինք, հարցերը շատ-շատ են. հիմա խորթն մայրն ու երեխայի կենսաբանական մայրը գուցե պատասխանատվություն կրեն, բայց այդպիսով չեն կանխվելու նմանատիպ տասնյակ դեպքերը, քանի որ պետությունն ամեն ինչով զբաղված է, բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այդ «ամեն ինչի» մեջ խոցելի երեխաներն ու նրանց խնդիրները չեն մտնում։ Կամ էլ այդ ամենը մտնում է պետության պարտավորությունների մեջ, բայց միայն այն ժամանակ, երբ դեպքն արդեն եղել է և պետք է խիստ դատապարտող հայտարարություններ անել։
Նարե Գնունի

Русский