Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արջն իր ահից է գոռում

Blog Image

Երեկ հանրային դաշտում ամենաքննարկված հարցն, ըստ էության, Փաշինյանի՝ մետրոյում դրսևորած վարքն էր։ Երբ երկրի ղեկավարը սկսեց գոռգռալ արցախցի կնոջ վրա։ Սկսեց նրան մեղադրել Արցախից փախչելու մեջ։ Երբ կինն ուղղակի ասում էր, որ հայրենիք ասելով ինքը հասկանում է Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը միասին՝ նշելով, որ իր երեխան Արցախի իր տունն է ուզում, իր սենյակը, իր ընկերներին։

Եվ բնական է, որ այս ամենի ֆոնին Փաշինյանը պետք է գոռգռար։ Իրեն ցույց տար։ Չէ՞ որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Եվ այս դեպքում նա պաշտպանվող մարդ էր` իր բնական էմոցիաներով։ Որոնք տվյալ պահին թաքցնելն ուղղակի անհնար էր։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Հետո պարզ դարձավ, որ Փաշինյանի թիրախում հայտնված կինը Մարտունու շրջանի 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, լեգենդար Մերուժան Մոսիյանի դուրստն էր։ Մարդ, ում հայրը հանուն Արցախի զոհել է ամենակարևորը՝ իր կյանքը։ Ավելի ուշ 2023 թվականի սեպտեմբերին արված կադրեր հրապարակվեցին, որոնցում երևում էր, թե ինչպես է այդ կինը երեխային գրկած ապաստարաններից մեկում պատսպարվել։ Ի դեպ, նրա գրկին նույն տղա երեխան էր, որ երեկ ստիպված էր լսել, թե ինչպես է ինչ-որ տղամարդ գոռում իր մոր վրա։

Եվ այս ամենի ֆոնին քննադատությունների տարափը սպասելի էր, նույնքան սպասելի էր նաև, որ Փաշինյանը ներողություն կխնդրի այդ կնոջից և իր որդուց։ Այդպես էլ եղավ։ Մի քանի ձայն փախցնելու համար դռնեռուռ ընկածի համար սա լուրջ ապտակ էր։ Ինքը պայքարում է, որ իրեն դրական լույսի ներքո դիտարկեն, բայց ստացվում է հակառակը։ Մի ամբողջ ազգ այդ պահին ուղղակի զզվանքով է լցվում դեպի ինքը։

Եվ ի՞նչ պետք էր անել։ Այո՛, ներողություն խնդրել։

Բայց դա էլ հերիք չէր։ Նա նաև հայտարարեց, որ պատրաստ է ընդունել այդ կնոջն ու իր որդուն և ուղիղ եթերում ներողություն խնդրել նրանցից։ Պատասխանը դեռ չկա։ Ու այս պարագայում գրեթե պարզ է, որ կինը կհրաժարվի այդ թատրոնի մաս դառնալուց։

Բայց եթե անգամ ընդունի այդ առաջարկն ու Փաշինյանից ներողություն բառը լսի, արդյո՞ք որևէ բան կփոխվի։ Իհարկե ոչ, քանի որ հաջորդ քայլափոխին այդ մարդը մեկ ուրիշի վրա է գոռալու։ Ասելու է, թե արցախցին չպահեց Արցախը, թե արցախցին փախավ Արցախից ու չպաշտպանեց իր հողը։

Եվ ինչ-որ զանգվածի մոտ գոռալով հնչեցված այդ մտքերը կընկալվեն որպես ճշմարտություն։ Ու նրանք չեն էլ մտածի՝ բա որ արցախցին չպահեց իր հողը, էդքան զոհեր ինչո՞ւ եղան, ո՞նց ստացվեց, որ շատ կանայք միաժամանակ կորցրին թե՛ հորը, թե՛ եղբորը, թե՛ ամուսնուն։ Այս հարցերը տվյալ զանգվածի մոտ չեն առաջանա... նրանց դեպքում կարևորը կուշտ փորն է, որն էլ կապահովվի, եթե վերընտրվի ուտող-խմող Փաշինյանը։ 

Իսկ մարդիկ, որոնք տեսել են ու գիտեն, թե ինչն ինչպես է եղել, Փաշինյանի գոռգռալուց չեն վախենա, հետո էլ ներողության չեն սպասի։ Քանի որ այդ ներողությամբ Արցախը հետ չենք բերի, ընկած տղաներին հետ չենք բերի։ Եվ ընդհանրապես, այդ ներողությամբ ոչինչ չի փոխվի։ Միևնույն է, միշտ էլ Արցախ բառը լսելիս «արջը կսկսի իր ահից գոռալ»։ 

Նարե Գնունի

Send