Լրագրողների հանդեպ ՔՊ-ականների անթույլատրելի վարքն օր օրի ոչ թե պարզապես սրվում է, այլ արդեն վերածվում է բացահայտ ճնշման ու ահաբեկման քաղաքականության։ Սա այլևս պատահական պոռթկում չէ, այլ մտածված վերաբերմունք՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Դեռ 2018-ին նույն այս լրագրողների ապահոված ուղիղ եթերների, նրանց անընդհատ աշխատանքի, ռիսկերի ու պրոֆեսիոնալության շնորհիվ նաև իշխանության եկած մարդիկ այսօր նույն լրագրողներին փորձում են լռեցնել։ Այն ժամանակ նրանք խնդրում էին լուսաբանել, հարթակ էին փնտրում, ուզում էին, որ իրենց ձայնը հասնի հանրությանը։ Այսօր արդեն իրենք են որոշում՝ ով խոսի, երբ խոսի, ինչպես խոսի և նույնիսկ՝ ինչ ասի։ Եվ պատահական չէ, որ այս իշխանության օրոք լրատվամիջոցների դեմ դատական գործերը շատացել են, լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ևս։ Ու, ցավոք, այդ բռնության դեպքերից և ոչ մեկը իրավական հստակ գնահատական մինչ օրս չի ստացել. մեծամասամբ գործերը կարճվել են։
Այս երկակի ստանդարտը պարզապես երեսպաշտություն չէ, սա իշխանության դասական դեգրադացիա է։
Այսօրվա դեպքը ԱԺ-ում հերթական ապացույցն է։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ոչ միայն իրեն թույլ տվեց թիրախավորել լրագրողներին, այլ նաև փորձեց պիտակավորել նրանց՝ հայտարարելով, թե ներկա 11 լրագրողներից միայն մեկն է «նեյտրալ», իսկ մնացածը՝ «ընդդիմադիր» են ու «պաստուպիտ» են լինում ընդդիմության համար։ Սա ոչ միայն անպատասխանատու հայտարարություն է, այլ նաև վտանգավոր ուղերձ՝ լրագրողներին բաժանել «սևերի» ու «սպիտակների», «յուրայինների» ու «թշնամիների»։
Երբ լրագրողը փորձեց արձագանքել ու պարզապես պահանջել տարրական հարգանք, Ալեքսանյանը, ինչպես հաճախ լինում է իշխանության որոշ ներկայացուցիչների դեպքում, կորցրեց ինքնատիրապետումը։ Գոռգոռոց, տաքացավ՝ կարծես ոչ թե հանրային ծառայող է, այլ՝ «ցարի բոգ»։
«Չհամարձակվեք հանձնաժողովի նիստի ընթացքում խոսել պատգամավորի հետ» ձևակերպումը, ըստ էության, բացահայտում է ողջ խնդիրը․ իշխանությունը սկսել է իրեն վեր դասել հանրությունից, այդ թվում՝ լրագրողից։ Իսկ սա արդեն վտանգավոր սահմանի անցում է։
Եվ, իհարկե, այս ամենը պատահական չէ։ Երբ վերևից հնչում են սպառնալիքներ, երբ ձևավորվում է մթնոլորտ, որտեղ քննադատությունն ընկալվում է որպես թշնամանք, նման վարքը դառնում է նորմ։ Ալեքսանյանը պարզապես այդ մթնոլորտի արտացոլումն է։
Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ են այդքան վախեցած լրագրողներից։
Պատասխանը պարզ է․ որովհետև մեդիան ուժ է։ Ուժ, որը ֆիքսում է սխալները, բացահայտում բացթողումները, հիշեցնում խոստումները և չի թողնում, որ իրականությունը նենգափոխվի։
Եվ հիմա, երբ մոտենում է նախընտրական շրջանը, այդ վախը դառնում է ավելի ակնհայտ։ Փոխանակ հաշվետու լինելու, իշխանությունը ընտրել է ավելի հեշտ ճանապարհ՝ ճնշել, պիտակավորել, վախեցնել։
Բայց պատմությունը մեկ բան է ցույց տվել՝ որքան շատ են փորձում լռեցնել լրագրողին, այնքան բարձր է հնչում նրա ձայնը։ Ու որքան էլ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը «պաստուպիտ» լինի իր շեֆի համար, միևնույն է, թե՛ իր, թե՛ իր շեֆի բացթողումները, վարած քաղաքականության ոչ ճիշտ լինելը լրագրողներն արձանագրելու են։ Ու իզուր թող չվախեցնեն, որ եթե իրենք չլինեին իշխանության, լրագրողների «ոտքերը վախուց ջարդած կլինեին»։ Ոչ մի իշխանության չի հաջողվել ու չի էլ հաջողվելու լռեցնել չորրորդ իշխանությանը։
Նարե Գնունի

Русский