Դպրոցական էքսկուրսիաները հիշո՞ւմ եք։ Երբ դասղեկը կազմակերպում էր ամեն ինչ, մի քանի ակտիվ ծնողներ օգնում էին՝ գումար էին հավաքում, գնումներ անում, երեխաներին քնաթաթախ նստեցնում ավտոբուս ու «հայդա»՝ քաղաքից դուրս։ Ճանապարհին դասղեկը փորձում էր խաղեր կազմակերպել, օրը հետաքրքիր դարձնել, ակտիվ մայրիկները երգ էին միացնում, սկսում պարել, իսկ երեխաները քաղաքավարի ձևացնում էին, թե իրենց շատ է դուր գալիս այդ ամենը։
Հայաստանի քաղաքական կյանքում երբեմն նույն պատկերն է ստեղծվում, միայն այն տարբերությամբ, որ այստեղ խոսքը դպրոցականների մասին չէ։ Այստեղ ամբողջ պետությունն է դարձել այդ «էքսկուրսիայի» ուղևորը։ Դասղեկը՝ Նիկոլ Փաշինյանն է, ծնողկոմիտեն՝ Անահիտ Ավանեսյանը, առաջին շարքերում նստած ակտիվ «ծնողներն» էլ, օրինակ, Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Մնացածը պարզապես լուռ մարդիկ են, որոնք հասկանում են, որ այդ ավտոբուսում այլընտրանք չունեն։
Քաղաքագիտության մեջ նման երևույթների համար կա հստակ ձևակերպում․ «պոպուլիստական քաղաքական թատրոն»։ Սա այն իրավիճակն է, երբ իշխանությունը դադարում է լինել կառավարման համակարգ և վերածվում է ներկայացման։ Քաղաքականությունը փոխարինվում է պատկերներով, ժեստերով և ցուցադրական «ժողովրդավարությամբ»։
Երբ երկրի վարչապետն իր քաղաքական օրակարգը փորձում է կառուցել սուջուխ կծելու, թթու լավաշ ուտելու և «սովորական մարդու» կերպար ձևավորելու վրա, դա այլևս հասարակության հետ կապի ձև չէ, այլ քաղաքական դեգրադացիայի ցուցանիշ։ Պետության ղեկավարի «պարզությունը» կարող է լինել մարդկային հատկանիշ, բայց երբ այն դառնում է կառավարման գլխավոր բովանդակությունը, պետությունը սկսում է կորցնել իր ինստիտուցիոնալ լրջությունը։
Այս համակարգում թիմը նույնպես վերածվում է դեկորացիայի։ Խորհրդարանի նախագահը կամ իշխանական պատգամավորները հանդես են գալիս ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական դերակատարներ, այլ որպես առաջնորդի շուրջ հավաքված հավատարիմ հանդիսատես։ Նրանք ավելի շատ արձագանքում են առաջնորդի ժեստերին, քան ձևավորում քաղաքական օրակարգ։
Քաղաքագիտության լեզվով սա կոչվում է պերսոնալիստական իշխանություն. մոդել, որտեղ պետությունը աստիճանաբար սեղմվում է մեկ անձի քաղաքական ոճի և տրամադրության մեջ։ Այդպիսի համակարգերում ինստիտուտները ձևական են, իսկ քաղաքական թիմը վերածվում է առաջնորդի շուրջ հավաքված հավատարիմ խմբի, որը հիմնականում զբաղված է նրա քայլերը արդարացնելով կամ կրկնելով։
Սակայն պոպուլիստական իշխանությունների ամենամեծ խնդիրը միշտ նույնն է․ նրանք կարող են երկար պահպանել ներկայացման մթնոլորտը, բայց երբ իրական կառավարման հարցերը դառնում են անխուսափելի, այդ ներկայացումը կորցնում է ուժը։
Հայաստանի քաղաքական իրականության մեջ այսօր ավելի ու ավելի հաճախ է երևում հենց այդ հակասությունը։ Մի կողմից՝ իշխանությունը փորձում է ստեղծել ուրախ, «ժողովրդական» մթնոլորտ՝ պարերով, տեսարաններով և սոցիալական ցանցերի համար նախատեսված կադրերով, մյուս կողմից՝ պետության առջև կանգնած խնդիրները պահանջում են ոչ թե նման ներկայացումներ, այլ պետական մտածողություն և ինստիտուցիոնալ պատասխանատվություն։
Եվ հենց այստեղ է առաջանում ամենաանհարմար հարցը․ եթե պետության կառավարումը վերածվել է էքսկուրսիայի, որտեղ բոլորը տարված են այդ ուրախ ժամանցով, ապա ո՞վ է վարում այդ ավտոբուսը, և արդյոք նա գիտի՞՝ ուր է գնում։
Տպավորություն է, որ այդ վարորդն էլ է մոլորվել, իսկ այդ մոլորությունը նրան չի ներվի, քանի որ երբ կառավարումը վերածվում է շոուի, պետությունը շատ արագ դառնում է այդ շոուի գլխավոր զոհը։
Նարե Գնունի

Русский