Նիկոլ Փաշինյանի և նրա արդեն նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը, որը սկզբում թվում էր զուտ անձնական կյանքի դրվագ, շարունակում է մնալ հանրային օրակարգում։ Եվ դա այնքան էլ պատահական չէ։ Եթե թեման պարզապես փակվեր հայտարարությամբ, մի քանի օրում այն կմոռացվեր նույն արագությամբ, ինչ արագությամբ հայկական մեդիա դաշտում հայտնվում են ու անհետանում նոր սկանդալները։ Բայց այստեղ, կարծես, որոշվել է թեման «տաք» պահել՝ ռիլերով, երգերով և, իհարկե, մատանիով։
Փաշինյանը շարունակում է կրել ամուսնական մատանին, ինչը ակնհայտ երևում է նրա առավոտյան «սրտիկաշատ» ռիլերում։ Իսկ վերջին տեսանյութում նա արդեն հանդես է գալիս հայալեզու մի երգի ներքո, որի բառերը հուզիչ խոստում են տալիս՝ «դուռդ կգամ վարդերով»։ Երգի մշակութային արժեքի մասին չխոսենք. այստեղ ավելի հետաքրքիր է ժանրային փոփոխությունը։ ՀՀ Կառավարության ղեկավարը, ըստ էության, անցել է քաղաքական PR-ի նոր ենթաժանրի՝ «թինեյջերական սիրային դրամա»։
Տեսարանը բավական յուրահատուկ է․ երկրի ղեկավար, որը մի կողմից խոսում է պետականության, անվտանգային մարտահրավերների ու տարածաշրջանային ճգնաժամերի մասին, իսկ մյուս կողմից՝ նույն եռանդով ռիլեր է նկարում՝ կորցրած սիրո թեմայով։ Թվում է՝ եթե մի պահ անջատես ձայնը, կարելի է կարծել, թե սա հերթական սերիալն է, որտեղ հերոսը փորձում է հետ բերել իր նախկին սիրուն։
Հանրությունն էլ, բնականաբար, անմասն չի մնում։ Մեկնաբանությունների դաշտում մարդիկ բաժանվել են մի քանի ճամբարի․ մի մասը կարեկցում է Փաշինյանին՝ կարծես նա ոչ թե երկրի ղեկավար է, այլ ընկեր, որը նոր է բաժանվել սիրած աղջկանից։ Մյուսները «դուխ են տալիս»՝ խորհուրդ տալով չհանձնվել և շարունակել պայքարել սիրո համար։ Կան նաև նրանք, ովքեր պարզապես վայելում են տեսարանը՝ այն համարելով որպես քաղաքական ռեալիթի շոուի հերթական սերիա։
PR մասնագետների մի մասը սա բացատրում է շատ պրագմատիկ կերպով․ ընտրություններից առաջ քաղաքական գործիչը փորձում է հնարավորինս «հասարակ մարդ» դարձնել իրեն։ Հայրենիքի մասին մտածող վարչապետի կերպարին ավելանում է նաև սիրո ցավից տառապող տղամարդու կերպարը։ Քաղաքագիտության լեզվով սա կոչվում է պոպուլիզմ։ Կենցաղային լեզվով՝ «կուտ տալ»։
Բայց այստեղ առաջանում է հետաքրքիր հարց․ ո՞ւմ է տրվում այդ «կուտը»։ Սերը կորցրած երիտասարդների՞ն, որպեսզի նրանք մտածեն՝ «տեսեք, վարչապետն էլ մեզ նման է»։ Ռոմանտիկ տրամադրությամբ կանա՞նց, որոնք գուցե հավատան վարդերով դռան առջև հայտնվելու գաղափարին։ Թե՞ ընտանիքի ավանդական արժեքներին հավատացող մարդկանց, որոնք դեռ սպասում են քաղաքական սիրային դրամայի երջանիկ ավարտին։
Կա նաև մեկ այլ խումբ՝ նրանք, ովքեր այս ամենը դիտում են հեգնանքով։ Նրանք տարածում են տեսանյութերը՝ ծիծաղելով ու գրելով՝ «ինչ ռոմանԾիկ ես, Գառնիկ»։ Հենց այս խմբին «կուտ տալը» դժվար է։ Բայց նույնիսկ այստեղ Փաշինյանը փոքր հաղթանակ ունի․ նրանք էլ, ուզեն թե չուզեն, շարունակում են քննարկել, տարածել և պահել թեման օրակարգում։
Եվ գուցե հենց սա է ամբողջ պատմության գլխավոր իմաստը․ քաղաքականության մեջ երբեմն կարևոր չէ՝ քեզ սիրում են, թե ծիծաղում քեզ վրա։ Կարևոր է, որ քո մասին խոսեն։ Իսկ եթե դրա համար պետք է երբեմն նաև ռիլ նկարել «դուռդ կգամ վարդերով» երգի տակ, ապա, դա էլ կարվի, ի՞նչ է եղել, որ։
Նարե Գնունի

Русский