Չորս օր շարունակ Հայաստանի հարավային սահմանին՝ հարևան Իրանում, պատերազմ է. զոհեր, տարածաշրջանային լարվածություն, անորոշություն, պաշտոնական մակարդակով հայտարարված 40-օրյա սուգ, հարվածներ հոգևոր և պետական համակարգին։ Հայաստանում, միևնույն ժամանակ, քարոզչական հոլովակներ, ներքաղաքական շոու և «խաղաղության դարաշրջանի» հերթական դոզա։
Այս հակադրությունը պարզապես բարոյական անհամապատասխանություն չէ։ Սա պետական մտածողության ճգնաժամ է։
Հայաստանը սահմանակից է պատերազմող պետությանը։ Դա ինքնին արդեն բավարար է, որպեսզի իշխանությունը գոնե արտաքին քարոզչական մակարդակում ցուցաբերի առավելագույն զգոնություն, զուսպ քաղաքականություն և տարածաշրջանի մասը լինելու գիտակցում։ Փոխարենը՝ ստանում ենք նախընտրական տրամադրություն՝ այն դեպքում, երբ տարածաշրջանում իրավիճակը կարող է ժամերի ընթացքում փոխվել։
Իրանը Հայաստանի համար պարզապես հարևան չէ։ Այն ռազմավարական կոմունիկացիոն ուղի է, էներգետիկ գործընկեր, տնտեսական շնչուղի։ Պատերազմը այս դեպքում չի կարող լինել զուտ «նրանց խնդիրը»։ Եթե տարածաշրջանային էսկալացիան խորանա, Հայաստանը կարող է կանգնել միաժամանակ երեք ճնշման առաջ՝ փախստականների հոսք, անվտանգային ռիսկեր, էներգետիկ կախվածության սրում։
Երբ փորձագետները խոսում են գազամատակարարման հնարավոր խնդիրների մասին, դա խուճապ տարածելու համար չէ. ռիսկերի կառավարում է պահանջվում։ Իսկ ռիսկերի կառավարումը ենթադրում է լռություն՝ շոուների, և հստակ հաշվարկ՝ հայտարարությունների փոխարեն։
Այս ֆոնին հարևան Վրաստանում Նիկոլ Փաշինյանի հրապարակային «տաղանդի ցուցադրությունը» արդեն ոչ թե պարզապես չհաշվարկված ժեստ է, այլ քաղաքական հստակ մեսսիջ։ Հարցը նույնիսկ նվագելը չէ։ Հարցն այն է, թե ինչ է նա հաղորդում հանրությանը, երբ սահմանակից երկրում սուգ է, իսկ ինքն ընտրել է ժամանցային ինքնացուցադրությունը։
Պետության առաջին դեմքի յուրաքանչյուր քայլ արտաքին քաղաքական լեզու է։ Այն կարդացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Թեհրանում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում։ Երբ տարածաշրջանը պայթյունավտանգ է, «ես իմ կյանքով եմ ապրում» հաղորդագրությունը կարող է ընկալվել ոչ թե որպես ինքնավստահություն, այլ՝ որպես անլուրջ վերաբերմունք։
Արդյո՞ք սա փորձ է արտաքին դերակատարներին ցույց տալու, որ Հայաստանը «կողմերից դուրս է» և զբաղված է միայն իր խաղաղ օրակարգով։ Թե՞ սա ներքին լսարանին ուղղված մեսիջ է՝ «ոչինչ չի փոխվել, հանգիստ եղեք»։ Երկու դեպքում էլ խնդիրը նույնն է․ իրականությունը անտեսելը դեռ չի նշանակում, որ այն չկա։
Տարածաշրջանային քաղաքականությունը մանկական բեմ չէ, որտեղ կարելի է ցուցադրել անձնական շնորհքը և սպասել ծափահարությունների։ Երբ հարևան երկրում պատերազմ է, իսկ դու սահմանակից պետության ղեկավար ես, քո առաջնային պարտականությունը հանրային վստահություն ստեղծելն է, ոչ թե անձնական կերպարի շուրջ լայքահավաքը։
Եթե սա քաղաքական հաշվարկ է՝ այն չափազանց կարճատես է։ Եթե սա ինքնաբուխ քայլ է՝ վտանգավոր է։ Եթե սա անտեղյակություն է՝ մտահոգիչ է։
Պետականություն նշանակում է իրավիճակին համարժեք վարքագիծ։ Իսկ այսօր հարցը մեկ անձի երաժշտական ճաշակի մասին չէ։ Հարցը քաղաքական հասունության, տարածաշրջանային պատասխանատվության և պետական մտածողության մասին է։
Եվ երբ պատերազմը քո դռան առաջ է, «խաղաղության հոտով» խաբելն ու «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» ռազմավարությունն առաջ տանելը արդարացված չէ։
Նարե Գնունի

Русский