Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը կրկին հայերից ու ադրբեջանցիներից փորձում է կերտել նույն մտածողությամբ ժողովուրդ. այս անգամ մերանը բենզինն է

Blog Image

Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնապես ակտիվ ներգրավված չէր ադրբեջանական բենզինի թեմաներում, հավանաբար այն պատճառով, որ բացի «խաղաղության դարաշրջան» արդեն հնացած թեզից, չէր կարողանում գտնել համապատասխան փաստարկ, որով կարողանար պատասխանել հանրային դժգոհությանը։ Սակայն երեք օր անընդմեջ նա գտնվում է արդեն ակտիվ «ռեժիմում» ու բացի ինչ-որ վերացական տրիլիոններից, կրկին անգամ հավասարության նշան է դնում հայերի ու ադրբեջանցիների միջև՝ դրանով փորձելով ցույց տալ, թե իբր մենք նույն հասարակությունն ենք, նույն մտածելակերպն ունենք, պարզապես ինչ-որ «թյուրիմացության» պատճառով շուրջ երեսուն տարի անհասկանալի պատերազմի մեջ էինք։

Ընդ որում առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայերին նույնացնում է ադրբեջանցիների ու թուրքերի հետ, հայկական ազգային արժեքները դնում նույն հարթության մեջ թուրք-ադրբեջանական կեղծ օրակարգերի հետ, միաժամանակ Հայաստանի հանրության շրջանում տիրող արդարացի դժգոհությունների հայելային պատկերը ստեղծում մեզ թշնամաբար տրամադրված այդ երկու երկրներում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Արևմտյան Հայաստանը նույնացրեց «արևմտյան Ադրբեջան» կեղծ ու Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող գաղափարախոսության հետ՝ դրանով վերջինիս տալով լեգիտիմություն։ Արդյունքում արհեստական հակասություն առաջացրեց պատմական ու իրական Հայաստանների մեջ ու հրաժարվեց մեր պատմական հիշողությունից, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը մազաչափ հետ չկանգնեց իր «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունից ու նույն եռանդով շարունակեց գեներացնել այն, փորձելով բերել գործնական քայլերի վրա։ Խոսքը ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու մասին է, որին ՀՀ իշխանությունները սկզբունքորեն տվել են իրենց համաձայնությունը։

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի իրավունքը հավասարեցրեց այդ նույն «արևմտյան Ադրբեջան» գափարախարոսությանը ու Ալիևին առաջարկեց երկուստեք հրաժարվել մի կողմից միջազգայնորեն ճանաչված իրավունքից, մյուս կողմից՝ կեղծ գաղափարախոսությունից ու…արդյունքը նորից նույնը։ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ իրենք արցախցիների վերադարձը օրակարգ չեն բերի, իսկ Ալիևը շարունակեց պնդել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք, Սևանա լիճը անվանեց Գյոլչա, Ադրբեջանում զարկ տվեց «Բասարգեչար» անվանունով գինիների արտադրությանը։

Դրանից ոչ շատ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքական կուրսը (եթե Հայաստանն առհասարակ ունի նման բան) հավասարեցրեց Մեծ Թուրան գաղափարախոսությանը՝ հայտարարելով, որ մենք չպետք է խանգարենք, որպեսզի Թուրքիան զարգանա այդ ուղղությամբ ու ինչպես նախորդ դեպքերում, կրկին Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Թուրքիան մեկ մեծ խոշորագույն հաղթանակ արձանագրեց այդ ուղղությամբ։ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի տարածքով միջանցք տրամադրեց, որի շնորհիվ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի միջով ուղիղ կապ հաստատեցին իրար հետ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը դիմեց տարբեր երկրների ու ատյանների՝ բողոքելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ ճանապապարհը չանվանեն «Զանգեզուրի միջանցք», այլ կոչեն TRIPP` «Թրամփի ուղի», միևնույնն է նրանք շարունակեցին իրերն անվանել իրենց անուններով, քանի որ իրականում դա ոչ թե սոսկ ճանապարհ է կամ ուղի, այլ միջանցք։ Ի վերջո, զզված Նիկոլ Փաշինյանի գանգատներից՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտարարեց, որ մեզ համար կարևորը կապն է, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպես ուզում է, թող այն անվանի։

Նույնն էլ տեղի է ունենում բենզինի պարագայում։ Երեք օր անընդմեջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն դժգոհությունները, որոնք կան Հայաստանում, նույնն էլ առկա են Ադրբեջանում։ Ըստ նրա՝ իբր ադրբեջանցիները բողոքում են, որ «մեր վառելիքով Հայաստանում կլիցքավորեն տանկերն ու զինտեխնիկան ու կհարձակվեն մեզ վրա»։ Թե որտե՞ղից Նիկոլ Փաշինյանին նման տեղեկատվություն, կարծում եմ, այն ծնվել է հենց իր ուղեղում։ Ըստ Փաշինյանի՝ այդ մասին իրեն ինֆորմացրել են համապատասխան տեղեկանքներով։ Ո՞վ է ինֆորմացրել, Ալի՞ևը, անհեթեթություն է, ՀՀ հատուկ ծառայություննե՞րը, նույնպես անհեթեթություն է։ Ծիծաղելի է կարծել, որ Հայաստանն ունի այնպիսի հզոր հատուկ ծառայություններ, որ աշխատում են Ադրբեջանի տարածքում ու ինֆորմացնում Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանն իրականում կարող էր ունենալ նման ծառայություն, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ ուժային կառույցների գրեթե բոլոր ստորաբաժանումները լծված են միայն սեփական երկրի ընդդիմադիրներին հալածելով ու հաշվի առնելով նախկինում ու այսօր հայերից, թուրքերից ու ադրբեջանցիներից մի ազգ կերտելու Նիկոլ Փաշինյանի մտասևեռումը, ապա, ամենայն հավանականությամբ, որևէ մեկը նրան նման տեղեկանք չի տվել, կամ այդ տեղեկանքը գրվել է հենց իր ձեռքով։ Հատկապես, եթե իրոք Ադրբեջանում դժգոհության իրական ալիք լիներ, ապա դրանք անպայման կարտացոլվեին գոնե ադրբեջանական մամուլում, քանի որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ալիևը չի տառապում «խաղաղության դարաշրջանը» սեփական ժողովրդի վրա ծախելու մոլուցքով։ Հիշենք, որ մեկ անգամ չէ, որ Ալիևը հայտարարել է, որ խաղաղություն ավելի շատ պետք է Հայաստանին, քան իրենց, ու հավատարիմ մնալով իր հայտարարությանը՝ շարունակում է զինվել։

Կարեն Կարապետյան

Send