ՔՊ-ական իշխանությունը հաճախ է սկսել խոսել ՀՀ-ի հանդեպ հիբրիդային հարձակումներից ու թեպետ անուններ չեն նշվում, սակայն ակնհայտ է, որ այդ մեղադրանքների հասցեատերը Ռուսաստանն է, ինչի համար էլ վերջերս ԵՄ-ին խնդրեցին, որպեսզի նրանք ընտրությունների ժամանակ օգնություն ցուցաբերեն, այլ խոսքով, ՔՊ-ական իշխանությունը խնդրեց ԵՄ-ին, որպեսզի վերջինս ուղիղ միջամտի ՀՀ ընտրական գործընթացներին։ Թե ինչպիսին կլինի այդ օգնությունը, կտեսնենք ամիսներ անց, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն այս պահին Հայաստանն ու հասարակությունն իրոք ենթարկվում են հիբրիդային հարձակման, ու այդ հարձակման անթաքույց իրականացնողը Թուրքիան է։
Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. «Դուք գիտեք, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,- նշել էր Ֆիդանը։
Սա աննախադեպ երևույթ է, դիվանագիտության կոպիտ խախտում, երբևէ միջպետական հարաբերություններում չի եղել դեպք, երբ ընտրությունների շեմին օտար երկիրը պաշտոնապես սատարի թեկնածուներից մեկին։ Թեպետ Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ սատարում ու ողջունում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, սակայն այլ բան է, երբ սատարում են գործող ղեկավարի կողմից իրականացվող քաղաքականությունը, այլ բան, երբ սատարում են ընտրական մասնակիցներից մեկին, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանին։ Ֆիդանի երեկվա հայտարարությունն ուղիղ ու անմիջական միջամտություն է ՀՀ ներքին գործերին, սակայն ՔՊ-ական իշխանությունները ոչ միայն լուռ են, նույնիսկ բարձր մակարդակով շնորհակալություն են հայտնում օտարերկրյա պաշտոնյային։
Օրեր առաջ ՔՊ-ական ողջ թիմը՝ մանր ու միջին պաշտոնյաները, իրենց պատեպատ էին տալիս Սոլովյովի հայտարարության պատճառով, ընդհուպ բողոքի նոտա հղեցին Ռուսաստանին, այնինչ Սորովյովը պաշտոնյա չէ, որոշում կայացնող անձ չէ, իսկ Ֆիդանը, ի տարբերություն նրա, Թուրքիայի ԱԳ նախարարն է, հետևաբար նրա ցանկացած հայտարարություն Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ինչպես Սոլովյովի պարագայում, այդպես էլ Ֆիդանի հայտարարությունների հետ կապված պաշտոնական Երևանը պետք է բողոքի նոտա հղեր Թուրքիային՝ պահանջելով, որպեսզի նա այլևս ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ չանի, սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցավ հակառակը՝ հնչեց շնորհակալական խոսք Թուրքիայի ու նրա պաշտոնյայի հասցեին։
Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ ՀՀ քաղաքացիների, առավելապես Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի համար պետք է պարզ լինի, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրելու են էրդողանին, ինչի մասին էլ հավաստեց Ֆիդանը։
Կարեն Կարապետյան

Русский