Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե ՀՀ նախագահի պաշտոնը վաղը վերացվի, քանի՞ հոգի կզգա Վահագն Խաչատուրյանի բացակայությունը

Blog Image

Ի՞նչ կփոխվի ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կյանքում, եթե վաղը նախագահի պաշտոնը վերացվի, կարծում եմ՝ ոչ մի։ Քանի՞ հոգի կզգա, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի նախագահ, կարծում եմ` մի մարդ, ու այդ մեկ մարդը կլինի հենց ինքը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հետևաբար նա ավելորդ ծախս է ՀՀ բյուջեի վրա, որը ձևավորվում է մեր՝ հարկատուներիս հաշվին։ Մենք վճարում ենք այդ մարդուն ոչ միայն ոչինչ չանելու, այլև բարեվարքության նորմերը խախտելու համար։

Յուրաքանչյուր ազգ ու հասարակություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները և մենք՝ հայերս, որպես կանոն յուրահատուկ ակնածանք ունենք Եկեղեցու հանդեպ։ Գրեթե ցանկացած մարդ, մտնելով Եկեղեցի, աշխատում է կա՛մ ընդհանրապես չխոսել, կա՛մ խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ շշուկով։ Եկեղեցի հիմնականում մտնում են Աստծուն դիմելու համար, մեկը ունենում է վիշտ, մյուսը՝ հույսեր։ Մեկը Աստծու մեջ փնտրում է մխիթարանք, մյուսը՝ երազանքների կատարում…բայց Վահագն Խաչատուրյանն այդպես չի կարծում։ Նա գտնում է, որ Եկեղեցին ամենահարմար տեղն է խոսել արտաքին քաղաքականությունից, որի վրա ինքն իրականում ունի զրոյական ազդեցություն։

Այս մարդիկ, որոնք հավակնում են «բարենորոգել եկեղեցին» ու մյուսներին մեղադրում են Եկեղեցին քաղաքականացնելու մեջ, հենց իրենք են քաղաքականությունը բառիս բուն իմաստով տարել Եկեղեցի։ Երկրի վարչապետը Եկեղեցի է մուտք գործում ու դուրս գալիս ծափողջույնների ներքո, ինչպես հռոմեական տրիումֆատոր, կամ դերասան (որոշ դեպքերում էլ հայտնի հանգուցյալներին են հուղարկավորման համար ծափողջույններով դուրս բերում Եկեղեցուց), իսկ նախագահը որոշում է հենց Եկեղեցու ներսում` խորանի առջև, զբաղվել ՔՊ-ի փիառով, որը ներկայացվում է «ՀՀ արտաքին քաղաքակնության ձեռբերումներ» խորագրով։

Երեկ՝ հունվարի 18-ին, աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ Եկեղեցի, որտեղ էլ տեղի հայ համայնքի հետ խոսել է TRIPP-ից, հայ-ադրբեջանական հարաբերություններից և այլն։

Սովորաբար մարդու ներքին բարեվարքությունը որևէ կապ չունի նրա ստացած կրթության հետ։ Մարդը կարող է արտաքնապես ունենալ ակադեմիական կրթություն, սակայն զուրկ լինել ներքին բարեվարքությունից ու հակառակը։ Իսկ թե որքան է բարեկիրթ այն մարդը, որը խորանի առջև խոսում է պետության արտաքին քաղաքականությունից, հետևություններ թող անի ընթերցողը։

Կարեն Կարապետյան

Send