Այսօր հրապարակվեց ՀՀ արտաքին հետախուզության զեկույցը, որից պարզ դարձավ, որ «խաղաղության դարաշրջանը» մուտք է գործել միայն Հայաստանի կառավարություն, շրջանցելով տարածաշրջանը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հանրության վրա է «ծախում» ինչ-որ թղթեր, Ալիևը գործուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության մեդալի» հակառակ ուղղությամբ։
Ըստ զեկույցի՝ ծառայության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Դրան զուգահեռ, ըստ նույն զեկույցի՝ Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Ընդ որում, ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին և շատ դեպքերում՝ իրականացվում հենց այդ ոլորտների հաշվին։
Շատերը հավանաբար կհիշեն, որ ոչ վաղ անցյալում Ալիևը հայտարարում էր՝ եթե Հայաստանը չտրամադրի կապ Նախիջևանի հետ, ապա իրենք ստիպված կլինեն այն վերցնել ուժով։ Արդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը տրամադրեց այդ կապը, կարևոր չէ՝ ինչ փաթեթավորմամբ ու ինչ անուններով, կարևորը Ալիևն ու Էրդողանը հասան իրենց ուզածին ու Հայաստանի տարածքով անմիջական կապ հաստատեցին միմյանց հետ։ Հատկանշական է նաև, որ անվան հետ կապված նույնպես Ադրբեջանի կողմից հնչեց հայտարարություն։ «Մեզ համար կարևորը կապն է, իսկ Հայաստանն ինչպես ուզում է, թող այն անվանի»,- շեշտել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Նույն տրամաբանությունն է գործում նաև այս պարագայում։ Ալիևը «արևմտյան Ադրբեջան» ու «ադրբեջանցիների վերադարձ՝ իրենց պատմական հայրենիք» ծրագրերի գեներացմանը զուգահեռ զինվում է, ու հաջորդ հայտարարությունը կլինի այն, որ կամ «Հայաստանի իշխանություններն ինքնակամ կընդունեն ադրբեջանցիներին, կամ մենք նրանց կվերադարձնենք զենքի ուժով»։ Ու այս անգամ նույնպես նրանց համար Հայաստանի իշխանությունների «վերնագրերը» կարևոր չեն լինի, քանի որ արդյունքում մենք Հայաստանում կտեսնենք բազմահազար ադրբեջանցիների։ Կգնա՞ ՀՀ իշխանություններն այդ քայլին։ Հաշվի առնելով նախորդ բոլոր դեպքերը, միանշանակ այո, սակայն այդ «վերադարձը» ՀՀ իշխանությունների կողմից կփաթեթավորվի «խաղաղության դարաշրջան» անվամբ։
Սակայն մինչ Ադրբեջանը զինվում է, ի՞նչ է անում այդ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունը։ Նա հանրությանը կերակրում է թղթերով ու Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգության մասին խղճուկ պատկերացումներով։
Մեկ շաբաթվա ընթացքում, ի հակակշիռ ադրբեջանական զենքերի, ՀՀ իշխանությունը սեփական ժողովրդին ցույց տվեց մեկ փաստաթուղթ, մեկ մրցանակ ու մեկ հրավերք։ Առաջինը TRIPP-ն է՝ «Թրամփի ուղին», որն իրականում չի կարող լինել անվտանգային համակարգ ու անվտանգության երաշխիք, երկրորդը՝ «Զայեդ» մրցանակն է, որը ստացել է Նիկոլ Փաշինյանը, իբր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերի համար ու որը ոչ մի արժեք չունի։ Այդ մրցանակը ոչինչ է, չունի ոչ մի կշիռ ու նշանակություն։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր սրտիկների համար կարող էր արժանանալ Կաննի մրցանակի, կամ իր «պատարագների» համար ստանալ Օսկար, միևնույնն է այդ մրցանակները ռեալ քաղաքականությունում նույնիսկ գրոշի արժեք չունեն։ «Զայեդ» մրցանակը ստանալու հենց հաջորդ վայրկյանին դրա մասին մոռանալու է նույնիսկ մրցանակ տվողը։ Իսկ երրորդը՝ Թրամփի հրավերն էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մասնակցի «Խաղաղության խորհրդին», որպես հիմնադիր անդամ։
Դրանց հավելենք նաև Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը՝ անվտանգային համակարգի մասին։ Ըստ նրա՝ մեր անվտանգությունը կարող է երաշխավորել այն, որ մենք իմանանք մեր տեղն այս աշխարհում, ժողովրդական խոսքով ասած. «Չափդ ճանաչիր»։
Ահա սա է Փաշինյանի ու Ալևի պատկերացումների տարբերությունները «խաղաղության» մասին, ընդ որում, երկուսն էլ այդ ուղղությամբ անում են քայլեր մեկը զինվելով, մյուսը` հանրությանը թղթերով կերակրելով։
Կարեն Կարապետյան

Русский