Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հանգեցրեց Արցախի հայաթափմանը

Blog Image

Այսօր տեղի ունեցած «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» միջազգային ֆորումում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ինքնախոստովանական «ցուցմունքով», նման ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ «եթե ավելի շուտ ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա իրեն կասեին դավաճան»։

Իր ելույթում Փաշինյանը նախ՝ կրկին անգամ հիմնվեց այն թեզի վրա, որ եթե Պրահայում չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, ապա այսօր թերևս չէր լինի նաև Հայաստանի Հանրապետությունը, ապա արեց մի ուշագրավ հայտարարություն. «Ամեն ինչը սկսել է այն կետից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, որովհետև հենց այդ կետից է պրոցեսը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ, որը անխուսափելիորեն…իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել, 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է»։ Խոսքը կիսատ թողնելուց պարզ է դառնում, որ նա զղջում է 2023 թվականի իրադարձությունների մասին հիշատակելուց, բայց արդեն ուշ էր, որովհետև որքան էլ խոսքը կիսատ թողնվեր ակնհայտ էր, որ ամբողջական միտքը հետևյալն է. «Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն անխուսափելիորեն հանգեցրեց 2023 թվականի արցախյան դեպքերին»։

Եթե լինեն մարդիկ, որոնք միանգամից չմտաբերեն, թե 2023 թվականին ինչ է տեղի ունեցել Արցախում, ապա հիշեցնենք։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում իրականացրեց Արցախի նկատմամբ, որին հաջորդեց Արցախի ամբողջական բռնի հայաթափումը, ինչը նույնպես ցեղասպանություն է ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտերում։

Հատկանշական է, որ այդ հարձակումը Ալիևը որակեց որպես հակահաբեկչական գործողություն, որի լեգիտիմ իրավունքը նրան տվել էր Նիկոլ Փաշինյանը, ու թերևս հենց այդ է պատճառներից մեկը, որ միջազգային հանրությունը որևէ կերպ չարձագանքեց Արցախում իրականացվող ցեղասպանությանը։ Չարձագանքեց նաև պաշտոնական Երևանը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն զրկել էր այդ հնարավորությունից ու կանաչ լույս վառել Ալիևի քայլերի համար։

Ու իրոք ամեն ինչ սկսվեց հենց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայից, որտեղ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այդ օրվանից սկսված Արցախում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն ընկալվելու էր որպես Ադրբեջանի ներքին խնդիր, ու ցանկացած հակազդեցություն՝ նրա քայլերին, կդիտարկվեր որպես միջամտություն՝ Ադրբեջանի ներքին գործերին։ Հետևաբար Ալիևը, օգտվելով ստեղծված իրավիճակից, հայտարարեց, որ Ադրբեջանի ներսում (նկատի ուներ Արցախը) չպետք է լինի որևէ զինված միավորում (նկատի ուներ Արցախի ՊԲ-ն) ու «հակահաբեկչական գործողություն» անվան տակ լայմանասշտաբ ներխուժում իրականացրեց Արցախ։ Բնականաբար աշխարհի ու նաև Հայաստանի կողմից ամբողջովին միայնակ մնացած Արցախը չէր կարող երկար դիմադրել, ու մեկօրյա իրոք հերոսական պայքարից հետո ստիպված արցախցիները բռնեցին գաղթի ճամփան։

Ուստի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որը թերևս արվեց ակամա, ինքնախոստովանական ցուցմունք էր Արցախում իրականացված ցեղասպանությանը նրա մեղսակցության մասին։

Սակայն պակաս ուշագրավ չէ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն. «Անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ։ Երբ մենք անընդհատ հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղն ու դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում գործելու և ապրելու կանոնները։ Դու գիտես լինել հարգալից ու կարողանաս հարգանք ներշնչել քո հանդեպ, իսկ հարգանք ներշնչում են միջազգային հարաբերություններում՝ լինելով պատասխանատու ու մաքսիմալ համեստ»։

Պետության ղեկավարի կողմից առավել ողորմելի խոսքեր անվտանգության մասին դժվար է պատկերացնելը, ու վայ մեզ, որ այս մարդն է ի պաշտոնե պարտավոր ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ճիշտ այսպես նա, 2018 թվականին ստանձնելով վարչապետի պաշտոնը, միաժամանակ հանդես էր գալիս նաև Արցախի անվտանգության երաշխավորի դերում, սակայն տեսանք, թե ինչ եղավ Արցախի հետ։

Նման ելույթից պարզ է դառնում, որ Հայաստանը չունի անվտանգային որևէ հայեցակարգ, կամ ավելի ճիշտ այդ հայեցակարգը կապիտուլյացիայի անվերապահ ընդունումն է, խեղճությունը, նոր ձևավորվող աշխարհակարգում ստորին շերտերում դիրքավորվելու հայտը, ազգային բոլոր ամբիցիաներից հրաժարվելը, միակողմանի զիջումներն ու բոլոր թելադրանքների կատարման պատրաստակամությունը։

Կարեն Կարապետյան

Send