Օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց թեմական առաջնորդի պաշտոնից ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Բնականաբար այդ որոշմանը միանգամից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «հավատացյալների» խմբով Մասիսի Եկեղեցում մասնակցեց պատարագի։
Իհարկե, շոուն ապահովվեց, պատարագի մասին բոլորը մոռացան, օրվա «հերոս» դարձավ Վեդիի կումունալի աշխատակիցը, սակայն մի շարք հարցեր մնացին առկախված, որի չլուծման պարագայում Մասյացոտնի թեմում ստեղծվելու է երկիշխանություն, այլ խոսքով՝ Մասյացոտնի թեմը կլինի առաջինը Հայ Առաքելական Եկեղեցում, որը իհարկե ոչ իրավաբանորեն, սակայն փաստացի կբաժանվի երկու մասի։
Առաջնային հարցն այն է՝ արդյո՞ք Գևորգ Սարոյանը պատրաստվում է լքել առաջնորդարանը, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ նա հայտնի տիրադավերից մեկն է, վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ու ընդգրկված է վերջինիս կողմից ձևավորած հանձնախմբի կազմում, ապա կասկածից վեր է, որ առաջնորդարանը նույնպես կգտվնի իրավապահների ամենօրյա հսկողության ներքո, որպեսզի թեմի նոր առաջնորդը չկորաղանա մուտ գործել իր օրինական կեցավայր։ Այսինքն՝ իշխանությունները, բռնազավթելով Մասյացոտնի առաջնորդարանը, պարզապես այլ ելք չեն թողնելու Հայ Առաքելական Եկեղեցուն, որպեսզի նա գոնե ժամանակավորապես, բայց, այնուամենայնիվ, առաջնորդարանի համար ընտրի այլ վայր։
Երկրորդ հարցը թեմի պաշտոնական կայքն է։ Թեպետ Գևորգ Սարոյանի պաշտոնանկությունից օրեր են անցել, սակայն Մասյացոտնի թեմի պաշտոնական կայքում դեռևս հենց նա է նշված որպես թեմի առաջնորդ։ Դա նշանակում է, որ կա՛մ Մասյացոտնի թեմի աշխատակազմը լուծարված է, կա՛մ գտնվում է վախի ու անորոշության մեջ, կա՛մ մատնված է պարապուրդի, կա՛մ էլ ինչպես առաջնորդարանը, այդպես էլ աշխատակազմը ամբողջովին գտնվում են թեմի արդեն նախկին առաջնորդի՝ Գևորգ Սարոյանի ենթակայության տակ, ու նրանց արգելված է որևէ փոփոխություն կատարել, ինչը նույնպես փաստում է երկիշխանության մասին։ Բնականաբար նորից հաշվի առնելով իշխանության աջակցությունը Գևորգ Սարոյանին՝ կրկին Հայ Առաքելական Եկեղեցուն՝ տվյալ դեպքում Ռուբեն վարդապետ Զարգարյանին, այլ բան չի մնում անելու, քան ձևավորել նոր աշխատակազմ ու բացել նոր կայք։
Որքան էլ Հայ Առաքելական Եկեղեցին վայելի ժողովրդի աջակցությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին հեռացնելու գործընթացը մտնի փակուղի, սակայն ցավալիորեն պետք է արձանագրել, որ նրա՝ Եկեղեցուն հասցրած վնասները գնալով դառնում են ավելի շոշափելի ու առարկայական։
Կարեն Կարապետյան

Русский