Հին անեկդոտ կա. զրուցում են երկու հարբեցող, առաջինը հարցնում է. «Դու ինձ հարգո՞ւմ ես»։ «Այո»,- պատասխանում է երկրորդը։ «Ես էլ քեզ եմ հարգում։ Նշանակում է մենք հարգված մարդիկ ենք»,-եզրակացնում է առաջինը։ Ահա հենց այդ մթնոլորտում անցավ դատական գործերի ժամկետների մասին պանելային քննարկումը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Սակայն առավել ուշագրավ էր Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա բառացիորեն նշում է հետևյալը. «Ես ուրախ եմ, որ մենք չենք խոսում արդարադատության որակի, դատավորների պրոֆեսիոնալիզմի պակասի, դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին, ինչը նշանակում է, որ դատական իշխանությունն ամրապնդել է իր դիրքերը»։
Հետո էլ ասում են, թե անեկդոտները որտեղից են ծնվում։ Եթե դատական համակարգի արատները լռության մատնելը կարող է բերել այն եզրահանգման, որ ոլորտը կայացած է, եթե կարելի է պահի տակ չտեսնելու տալ հենց իր կողքը նստած մեկին՝ Նիկոլ Փաշինյանին, որը դատական համակարգին ուղղորդում է ԱԺ ամբոնից ու իր լայվերից, որը տառացիորեն հայտարարում է հետևյալը՝ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞», ու եզրակացնել, որ դատական համակարգն անկախ է, ապա ինչո՞ւ երկու հարբեցող, հարգելով միմյանց, չեն կարող ենթադրել, որ իրենք հարգված մարդիկ են։
Իսկ թե որքանո՞վ է դատական համակարգն «անկախ», այդ մասին թերևս շատ լավ գիտեն «Հայրենիք» կուսակցության գործադիր քարտուղար Խաչիկ Գալստյանին ու «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի տարածքային կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին կալանքի վճիռ կայացրած դատավորները, որոնք Խաչիկին ու Արամին այնքան արագ կալանավորեցին, որ տպավորություն էր, թե նրանց վաղեմի երազանքն էր Ամանորի շեմին քաղբանտարկյալների թիվը ևս երկուսով ավելացնելը։
Դատական «անկախությունն» իր մաշկի վրա է հավանաբար զգում Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը վերջերս ևս երեք ամսով երկարացրած դատավորը, որի մոտ, ըստ ամենայնի, «հետույք» բառն այնպիսի ջղազգումներ է առաջացրել, որ որոշել է երբեք Նարեկին ու Վազգենին ազատության մեջ չտեսնել։
Դատական «անկախության» մասին կարող է վկայել Բագրատ, Միքայել ու Արշակ սրբազաններին կալանավորած Մասիս Մելքոնյանը, որ կարծես աստիճանաբար վերածվում է Եկեղեցուն «կից» դատավորի։
Թե ինչ է դատական «անկախությունը», կարող է փաստել Մկրտիչ Սրբազանին կալանավորած դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը թեպետ երկու սրբազանով դեռևս զիջում է Մասիս Մելքոնյանին, բայց հաշվի առնելով, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհը ոչ միայն շարունակվում է, այլ նոր դրսևորումներ է ստանում, ապա կարող է հույսը չկորցնել, որ հնարավոր է հասնի ու անցնի Մասիս Մելքոնյանին։
Եվ վերջապես դատական «անկախությանը» համոզվել է Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորը, որը միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հասկացավ «մեր ձևով» արտահայտության իրական բովանդակությունն ու նշանակությունը։
Բացի վերոնշյալ մարդկանցից, այս պահին կալանքի տակ են ևս շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, որոնք բանտում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար, ու նման պայմաններում խոսել դատական համակարգից, դատավորների անկախությունից պարզապես հերթական ծաղրն է՝ հանրության երեսին շպրտված։ Հայաստանում դատական համակարգ գրեթե գոյություն չունի, պարզապես կա մարդկանց մի միավորում, որը հլու-հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանի կամքն ու քաղաքական պատվերը։
Կարեն Կարապետյան

Русский