Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը ոմանց օժտեց եկեղեցիները «քրիստոնեական սիրով» գրոհելու ու քահանաներին պարտադրելու «լիազորություններով»

Blog Image

Հավանաբար շատերը չեն մոռացել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քաղաքացիներին, որով նա հորդորում էր վրեժ լուծել։ «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, սակայն այդ վրեժը պետք է լուծվեր ոչ թե արտաքին թշնամիներից, ոչ թե Արցախն օկուպացրած ադրբեջանցիներից, այլ պարտության ու Արցախի կորստի հետ չհամակերպվող ՀՀ այն քաղաքացիներից, որոնք դուրս էին եկել փողոց ու պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի պատրաստվում էր ներքին բախումներ հրահրել՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմ՝ հասարակության տարբեր հատվածների հանելով միմյանց դեմ։

2020 թվականից անցել է շուրջ 6 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի գործելաոճում ոչինչ չի փոխվել։ Ֆեյսբուքյան հերթական լայվով նա քաղաքացիներին (իր ձևակերպմամբ Եկեղեցու «բարենորոգման» կողմնակիցներին) կոչ արեց պատարագի օրերին մտնել Եկեղեցիներ ու «քրիստոնեական սիրով ու համոզչությամբ» քահանաներին համոզել, որպեսզի վերջիններս զեղչեն Վեհափառի անունը։ Սա եկեղեցիները գրոհելու ուղիղ կոչ է, սադրանքներ ու բախումներ հրահրելու ուղիղ հրահանգ։

Կասկածից վեր է, որ շատ մոտ ապագայում տարբեր անկենսագիրներ, տարբեր կասկածելի վարքի ու բարքի տեր անձինք, տարատեսակ խաժամուժ իրենց հռչակելու են Եկեղեցու «բարենորոգիչներ», խափանեն պատարագներն ու Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով պարտադրեն քահանաներին, որպեսզի վերջիններս զեղչեն Վեհափառի անունը։ Նիկոլ Փաշինյանի կողմից արտաբերված «քրիստոնեական սերն ու համոզչությունը» ընդամենը դատարկ բառեր են, քանի որ չի կարող մեկը, որը կանգնում է Կաթողիկոսի շիրիմին, հայհոյում Եկեղեցու բակում կամ հարվածում Եկեղեցու դռանը, ունենալ սիրո, հարգանքի կամ բարեպաշտության նշույլ։ Առավել ևս, որ «քրիստոնեական սիրով» Վեհափառին ու Սրբազաններին չեն անարգում։ Ընդամենը այդ լյումպեն մասսայի գործողությունները, որոնք առանց այդ էլ արվում էին անթաքույց, Նիկոլ Փաշինյանը «օրինականացրեց»։ Այսուհետ յուրաքանչյուր ոք, ով իրեն կզգա Եկեղեցու «բարենորոգիչ», անարգել կարող է խախտել Սահմանադրությունն ու օրենքները և իր կամքը թելադրել քահանաներին։

Հրաժարվելու դեպքում միանշանակ տեղի է ունենալու բախում հենց եկեղեցու ներսում ու պատասխանատվությունը կրելու են ոչ թե սադրիչները, այլ օրինական կարգով իր ծառայությունն անցկացնող քահանաները, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու ձեռամբ բախում հրահրողները կհռչակվեն որպես Եկեղեցու «բարենորոգիչներ», իսկ նրանց կամքը կատարելուց հրաժարվող քահանաները կդիտարկվեն որպես վարչապետի ծրագրերը խափանողներ։

Հատկապես բախման ծավալը մեծ կլինի այն եկեղեցիներում, որոնցում պատարագի եկած քաղաքացիների թիվը շատ կլինի, քանի որ շատերը չեն կարող անտարբեր նայել, թե ինչպես են մի խումբ «բարենորոգիչներ» անարգում եկեղեցական ծիսակարգը, հատկապես, որ, էլի եմ շեշտում, մենք բազմիցս ենք ականատես եղել այդ «բարենորոգիչների» վարքին, պահվածքին, խոսքին ու «դաստիարակությանը»։

Կարեն Կարապետյան
Send