Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Փաշինյանի տրամաբանությամբ՝ թոշակառուները լավ կապրեն միայն այն ժամանակ, երբ ընդհանրապես նրանց թոշակ չտրվի

Blog Image

Արիստոտելն ասում էր. «Եթե ուզում ես մարդկանց վրա տպավորություն թողնել, ապա խոսիր նրանց համար անհասկանալի բառապաշարով»։ Այո, անհասկանալի, բայց ոչ անհեթեթ։ Նիկոլ Փաշինյանը թեպետ կարծում եմ չի կարդացել Արիստոտել, սակայն բնազդաբար զգում է, որ որքան իր ասելիքը խրթին լինի, այնքան տպավորությունը մեծ կլինի, սակայն, այնուամենայնիվ, ուսման բացն իրենն ասում է, քանի որ նրա բերած բոլորն օրինակները ոչ թե բարդ են, այլ պարզապես անհեթեթություն։

Կառավարության նիստի ժամանակ խոսելով տնտեսությունից ու առկա խնդիրներից՝ նա, հերթական անգամ հղում անելով ինչ-որ մարդկանց, ասում է, որ իբր վերջերս խոսել է մի թոշակառուի հետ, որը դժգոհել է, որ ստանում է 50 հազար դրամ թոշակ, որից մոտ 28 հազարը ծախսում է ջեռուցման վրա, սակայն այդպես էլ չի տաքանում։ Այդ խոսակցությունից Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ հետևություններ է արել ու եկել այն եզրահանգման, որ եթե թոշակը բարձրացնեն 20 հազար դրամով, ապա այդ մարդը ջեռուցման վրա նախկին 28 հազարի փոխարեն կծախսի 35 հազար դրամ, սակայն այդպես էլ չի տաքանա։

Նախ՝ պարզ թվաբանությունը հուշում է, որ եթե 50 հազարից ծախսվում էր 28 հազար դրամ, ապա այդ մարդու մոտ մնում էր 22 հազար դրամ, իսկ հիմա եթե նրա թոշակը դառնա 70 հազար դրամ, որից ջեռուցման վրա ծախսի 35 հազարը, ապա իր մոտ կմնա մյուս կեսը՝ 35 հազարը։ Այսինքն այդ մարդու եկամուտը կբարձրանա, ինչ վերաբերում է տաքանալուն, ապա միևնույնն է, ըստ Փաշինյանի՝ նա չէր տաքանում։ 

Այստեղ էլ տեղին է հիշել Դրայզերին, որն ասում էր. «Եթե կյանքում ինձ վիճակված է լինել դժբախտ, ապա ավելի լավ է լինել հարուստ դժբախտ, քան աղքատ»։ Հետևաբար ավելի լավ է մրսել՝ գրպանում ունենալով 35 հազար դրամ, քան ցրտից դողալ 22 հազարով։

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ չկա որևէ հիմնավորում, որ եթե մարդը 50 հազարի փոխարեն ստանա 70 հազար դրամ, ապա դա անպայման հանգեցնելու է նրան, որ ջեռուցման վրա նախկին 28 հազարի փոխարեն սկսելու է ծախսել 35 հազար դրամ։

Այդ նույն տրամաբանությամբ, որքան մարդու եկամուտներն ավելանան, այդքան վատանալու է նրա կենսամակարդակը։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը պարզապես դիմում է պարզ մանիպուլյացիայի։ Նա, ամեն ինչ ուրիշների վրա բարդելու իր սովորությամբ, այս անգամ թիրախ է ընտրել թոշակառուներին։ Ավելի վաղ հայտարարում էր, որ եթե թոշակները բարձրացնենք 10 հազարով, նրանք չեն իմանա, թե ինչպես ծախսեն այդ գումարը։ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի ուզում ասել, որ «հարգելի թոշակառուներ, եթե բարձրացնենք ձեր թոշակները, ապա դա անելու ենք ձեր հաշվին, քանի որ թոշակների բարձրացմանը հաջորդելու է գնաճ»։ Հենց գնաճով է պայմանավորված ջեռուցման ծախսերը 28 հազարից 35 հազար դառնալու հանգամանքը, որի մասին Նիկոլ Փաշինյանը չի ուզում բարձրաձայնել ու փորձում է ստեղծել տպավորություն, որ թոշակների բարձրացման արդյունքում թոշակառուն չի կարողանալու արդյունավետ տնօրինել իր ավելացած միջոցները։

Կարեն Կարապետյան

Send