Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը թիրախավորել է ողջ հանրությանը. 3 միլիոն թվացյալ «վարչապետերը» դարձել են գործող վարչապետի վերարտադրման զոհերը

Blog Image

Որքան էլ ընդդիմադիր ուժերի պարտադրմամբ արտահերթ ընտրությունները համարվեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենաարագ ճանապարհը, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին, քաղաքական ռացիոնալության տեսանկյունից ուժերը պետք է պատրաստվեն գալիք ընտրություններին ու այն դիտարկեն որպես Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ազատվելու հնարավորություն, ինչն էլ, ըստ էության, անում են բոլորը՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը։

Սակայն այս երկու ճամբարները ընտրություններին պատրաստվում են տարբեր մեթոդաբանությամբ։ Ընդդիմությունն օգտագործում է քաղաքական գործիքակազմը, այն է՝ տարբեր հանդիպումներ, կոնսուլտացիաներ, ծրագրերի մշակում, հարցազրույցներ, հոդվածներ և այլն, իսկ իշխանությունը ապավինում է բացառապես ռեպրեսիվ գործողություններին, ձերբակալություններին ու կալանքներին, շանտաժին, սպառնալիքներին ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհով։

Բացառապես գալիք ընտրություններով է պայմանավորված շուրջ 30 քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում։ Բացառապես քալիք ընտրություններին է միտված Նոր տարվա նախօրեին «Հայրենիք» կուսակցության գործադիր քարտուղար Խաչիկ Գալստյանի ու «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի տարածքային պատասխանատու Արամ Քոչարյանի կալանավորումը։ Առաջադրված շինծու մեղադրանքներին նույնիսկ անդրադառնալ չարժե, քանի որ այս գործընթացները ոչ թե իրավական են, այլ քաղաքական։ 

Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ կալանավորելով ընդդիմադիր քաղաքական, հանրային գործիչներին, սրբազաններին՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հետ կանգնեցնել նրանց պայքարից։ Զորօրինակ վերջին կալանավորվածները։ Այդ քայլով իշխանությունները ո՛չ Խաչիկ Գալստյանին կարող են վախեցնել ու հետ կանգնեցնել պայքարից, ո՛չ էլ «Հայրենիք» կուսակցությանը։ Ինչ խոսք, այդ ամենը շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար նրա իրական թիրախը հանրությունն է։ Շինծու քրեական գործերով ու կալանքներով Նիկոլ Փաշինյանը հարվածում է հենց հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ հանրային վստահությունը մսխած, քաղաքական լեգիտիմությունը անմնացորդ կորցրած իշխանությանն այլ բան չի մնում անելու, քան քաղաքական գործիչներին կալանավորելով հանրության շրջանում վախի մթնոլորտ տարածելու փորձերը։

Ավելին՝ երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց այս տարվա առաջին քարոզարշավը։ «Ուխտաերթ»-ը այլ բան չէ, քան ՔՊ-ի քողարկված քարոզարշավը, որը թեպետ պրոյեկտվում է Հայ Առաքելական Եկեղեցու վրա, բայց կրկին թիրախը հանրությունն է, նպատակը՝ գալիք ընտրությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ ինքը վայելում է հանրային լայն աջակցություն, եթե վստահ լիներ, որ առաջիկա ընտրություններում որևէ խնդիր չի ունենա ու կշարունակի անարգել կառավարել, ապա մենք չէինք ունենա ո՛չ քաղբանտարկյալներ, ո՛չ էլ հարվածների տակ հայտնված Եկեղեցի ու Վեհափառ։

Կարեն Կարապետյան

Send