Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն մոտենում է գործարանի «զալ»-ը վարձելու տրամաբանությամբ

Blog Image

Ժամանակին ընդունված էր (գուցե հիմա էլ), երբ մարդիկ հարսանյաց արարողության համար վարձակալում էին որևէ գործարանի դահլիճ, ու գործարանից պահանջվում էր միայն տարածքի տրամադրումը, մնացյալ ամեն ինչը՝ սկսած հյուրերից, վերջացրած մատուցողներով, բերում էր վարձակալողը։ Ահա ճիշտ այսպիսի մոտեցմամբ է առաջնորդվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրան անհրաժեշտ է միայն որևէ եկեղեցի, մնացածը ամեն ինչը՝ սկսած հավատացյալներով, վերջացրած քահանայով, Նիկոլ Փաշինյանը բերում է իր հետ։ Տարբերությունը միայն այն է, որ եթե գործարանի դահլիճը վարձակալելու դեպքում հարսանիքի տերն ու հիմնարկի տնօրենը գալիս էին փոխհամաձայնության, Նիկոլ Փաշինյանը պարզապես զավթում է եկեղեցին։

Օրերս որոշ ՔՊ-ականների միջոցով Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ ապագայում «պատարագի» է մասնակցելու Սուրբ Էջմիածնում։ Հաշվի առնելով, որ չնայած նրա ողջ ջանքերին, այնուամենայնիվ նրան սատարող բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների թիվը չի ավելանում, իսկ հանրության կողմից չի ստանում աջակցություն, ապա մենք Սուրբ Էջմիածնում ականատես կլինենք նույն պատկերին, ինչ մնացյալ Եկեղեցիների պարագայում։ Նիկոլ Փաշինյանը «հյուրախաղերի» կգնա իր սեփական «հավատացյալներով» ու «քահանաներով», միայն այս դեպքում իրավիճակի վտանգավորությունը կկայանա նրանում, որ Սուրբ Էջմիածնում է գտնվում նաև Մայր Աթոռը, բացի այդ, կիրակի օրերին պատարագի են գնում նաև բազմաթիվ իրական հավատացյալներ, որոնք ոչ մի աղերս չունեն Նիկոլ Փաշինյանի «աղոթքների» հետ։

Նման դեպքում Նիկոլ Փաշինյանին մնում է երկու տարբերակ. կա՛մ, ինչպես նախորդ դեպքերում, նախօրոք Սուրբ Էջմիածնի եկեղեցին շրջափակել ոստիկանական մեծաթիվ ուժերով ու փակել նրա դռները ու վերջում մուտք գործել սեփական «հավատացյալների» ծափողջյունների, վակնարկումների ու փառաբանումների ներքո, կա՛մ այս անգամ որևէ արտակարգ միջոցների չդիմել ու գնալ պատարագի այնպես, ինչպես հայ ժողովուրդն է գնում։

Երկու պարագայում էլ ամեն ինչ կարող է դասավորվել ոչ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Առաջին դեպքում կարող ենք վերջնականապես խայտառակվել միջազգային ողջ հանրության առջև՝ միաժամանակ զբոսաշրջիկների համար ապահովելով էքստրեմալ զգացողություններ։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ օրը Մայր Աթոռ ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկ կյանքում առաջին ու վերջին անգամ է ներկա լինելու մի իրադարձության, երբ երկրի գլխավոր եկեղեցին պաշարված է մեծաթիվ ուժայիններով, իսկ Աստծո փոխարեն երկրպագում ու խոնարհվում են պետության ղեկավարի առջև։ Բայց քանի որ նրանք հավանաբար տեղյալ չեն լինի, որ դրանք Նիկոլ Փաշինյանի սեփական «հավատացյալներն» են, ապա մեծ է հավանականությունը, որ հայ ժողովուրդը, որքան էլ ողջ աշխարհին ազդարարում է, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդն է, կթողնի հեթանոսի տպավորություն։

Երկրորդ դեպքում՝ եթե նախօրոք որևէ միջոցառում իշխանությունը չձեռնարկի, ապա հենց եկեղեցու ներսում կբարձրանա բախման հավանականությունը, քանի որ պատարագի եկած ժողովուրդը չի կարող հանդուրժել իշխանության կողմից վարվող ապականման քարոզն իրենց աչքի առջև ու չի կարող «աղոթք» բարձրացնել առ Փաշինյան։

Սակայն այս պարագայում նույնպես վստահաբար կարելի է պնդել, որ կրկին կյանքում առաջին ու վերջին անգամ զբոսաշրջիկները եկեղեցու ներսում ականատես կլինեն էքստրեմալ տեսարանների։ Հետևաբար միանշանակ կարելի է պնդել, որ գործողության զարգացման յւորաքանչյուր պարագայում շահելու են զբոսաշրջիկները՝ հայ ժողովրդի խայտառակման գնով։

Կարեն Կարապետյան

Send