44-օրյա պատերազմից հետո ու 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշակի քննարկման թեմա դարձավ այն հարցը, որ ըստ որոշ տեղեկությունների, Թուրքիան սպառնացել է՝ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարմանը վտանգ սպառնա, ապա իրենք կներխուժեն Հայաստան ու թույլ չեն տա, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա։ Այդ ժամանակ այս հարցին չտրվեց անհրաժեշտ կարևորություն, շատերի կողմից էլ ընդունվեց թերահավատորեն, էլ չասած, որ այս տեղեկատվությունը շրջանառողներն իշխանությունների կողմից ենթարկվեցին խիստ քննադատության ու ծաղրանքի։
Սակայն տարիներ անց արդեն իսկ պարզ է, որ դա ոչ միայն չափազանցություն չէր, այլ շատ հավանական տարբերակ, քանի որ եթե մի իշխանություն արտաքին ուժերին պաշտոնապես դիմում է, որպեսզի վերջիններս ուղիղ միջամտեն Հայաստանի ներքաղաքական գործերին, խառնվեն ընտրական գործընթացներին, ապա նման իշխանության համար միանգամայն երկրորդական է դառնալու, թե իրենք ում շնորհիվ են վերարտադրվելու։ Բացի այդ, արտաքին ուժերի միջամտությանը դիմող իշխանությունը ոչ միայն անուղղակի խոստովանում է, որ չունի այլևս վերընտրվելու համար ժողովրդի անհրաժեշտ աջակցությունը, այլև վերջնականորեն խզում է կապը հանրության հետ ու պետությունը վերածում սեփական շահերի օգտագործման խաղալիքի այն ուժերի ձեռքին, որոնց օգնությանը դիմում է։
Այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Հայաստանի հարցը, որն իրենց է դիմել հաջորդ տարի Հայաստանում սպասվող ընտրությունների ժամանակ արտաքին ուժերի կողմից հնարավոր միջամտությունը կանխելու խնդրանքով, ինչն էլ հաստատեցին թե՛ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, թե՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ակնհայտ է, որ արտաքին միջամտություն ասելով խոսքը վերաբերում է ոչ այնքան Ռուսաստանին, որքան ՀՀ ընդդիմությանը, քանի որ արդեն տարիներ շարունակ իշխանական քարոզչամեքենան իրենց գրպանային որոշ քաղաքական ուժերի օգնությամբ ամբողջովին լծված են ընդդիմությանը «ռուսական ագենտ» ներկայացնելու գործին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ապավինում է ԵՄ օգնությանը՝ ընդդիմությանը չեզոքացնելու գործում։ Նույնիսկ եթե ելակետն ընդունենք իրենց հայտարարությունը, որ «ընտրությունների ժամանակ հնարավոր է արտաքին միջամտություն ՀՀ ներքին գործերին», ապա պետք է փաստենք, որ ՀՀ իշխանությունները քաղաքականապես այն աստիճան անկարող են ու թշվառ, որ արտաքին մի միջամտությունը փորձում են կանխել արտաքին մեկ այլ միջամտությամբ։
1991 թվականից, երբ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, դեռևս չի եղել գեթ մեկ դեպք, երբ երկրի իշխանությունները խնդրանքով դիմեն օտարներին, որպեսզի վերջիններս խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին, ընտրական գործընթացներին ու պայքարեն ՀՀ քաղաքացիների դեմ։ Ավելին, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին, թե՛ Սերժ Սարգսյանը 2018 թվականին գերադասեցին հեռանալ, քան իշխանությունը պահել օտարների միջամտությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» ու «աննախադեպ անկախության» ժամանակահատվածում սեփական իշխանության վերարտադրությունը տեսնում է միայն այլոց շնորհիվ։
Կարեն Կարապետյան

Русский