Արցախցիները Վեհափառից իրավամբ պահանջում են փոխել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ու սա թերևս այն դեպքերից մեկն է, երբ, տվյալ եպիսկոպոսին ներգրավելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պայքարում, Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է անհեթեթ վիճակի մեջ։ Թեպետ անպայմանորեն գալու է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը փոխելու է ոչ թե այս եպիսկոպոսին, այլ ընդհանրապես փակելու է Արցախի թեմը, սակայն ներկա փուլում իր շահերից չի բխում իրենից վանել սակավաթիվ այն հոգևորականներին, որոնք կամովին կամ պարտադրաբար ընտրել են տիրադավության ուղին։ Տարօրինակ է, որ սույն եպիսկոպոսը չի գիտակցում, որ Արցախի թեմի գոյությունն արդեն իսկ դեմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսին ու «խաղաղության դարաշրջանին», ինչպես նաև «ռևանշիստական» կենտրոն՝ Ալիևի համար, հետևաբար իր առաջնորդությունն այդ թեմում նույնպես կրելու է ժամանակավոր բնույթ։ Որպես օրինակ նա կարող է աչքի առաջ ունենալ այն քննչական գործողությունները, որոնք այս օրերին տեղի են ունենում Արցախի ներկայացուցչությունում։ Հետևաբար Վրթանես Աբրահամյանը կամ կատարյալ կույր է, կամ ոչ միայն տիրադավ, այլև ազգադավ, որովհետև նրա լռությունը կարող է փաստել, որ իր համար կարևորը որևէ թեմի առաջնորդ լինելն է, իսկ Արցախի թեմը կփակվի, թե ոչ, երկրորդական հարց է։
Սակայն մի կողմ թողնենք այս եպիսկոպոսի բարոյական նկարագիրն ու վերադառնանք քաղաքական անհեթեթ իրավիճակին, որում ինքն իրեն դրել է Նիկոլ Փաշինյանը ու որի խորացումը կախված է Վեհափառից։
Եթե որևէ կարգալույծ եղած քահանայի դեպքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վեհափառի որոշումներն ուժ չունեն, ապա Արցախի թեմի առաջնորդի փոփոխությանը արձագանքելը նրան կդնի անհարմար դրության մեջ հաշվի առնելով իր որդեգրած ազգադավ քաղաքականությունը։ Եթե Վեհափառը կատարի արցախցիների պահանջն ու փոխի Վրթանես Աբրահամյանին, ապա Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կամ լռել, կամ հայտարարել, որ իր համար Արցախի թեմի առաջնորդը շարունակում է մնալ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սակայն ըստ նրա, Արցախ այլևս գոյություն չունի ու երբեք չի էլ լինելու, իսկ եթե հրապարակավ խոսի Արցախի թեմի մասին, կարող է ապտակ ստանալ Ալիևից։ Եթե լռի, անվստահություն կառաջացնի իրեն միացած մյուս եպիսկոպոսների մոտ, ինչպես շարքային «գցող»։ Բացի այդ, ստիպված է լինելու հրապարակավ արտաբերել նաև Արցախ անվանումը, քանի որ «Ղարաբաղ» անվանումով թեմ գոյություն չունի, իսկ նա Արցախ բառից սարսափում է այնպես, ինչպես ցանկացած ողջամիտ մարդ կսարսափեր սեփական գերեզմանաքարը տեսնելիս։
Հետևաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է անպայման կատարի արցախցիների պահանջը ու փոխի Արցախի թեմի առաջնորդին։ Դրա համար կան մի շարք պատճառներ։
Առաջինը՝ պետք է հարգել արցախցիների արդարացի պահանջը, որովհետև եթե մի մարդ միանում է Արցախը կործանած ղեկավարին, դրանով հայտնում է իր լիակատար աջակցությունը վերջինիս գործողություններին, գաղափարախոսությանն ու հռետորաբանությանը։ Եթե Վրթանես Աբրահամյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ապա համաձայն է նրա այն մոտեցումների հետ, որ Արցախը միշտ եղել է ադրբեջանական, որ արցախցիների վերադարձի հարց երբեք չպետք է բարձրացվի, որ արցախյան երկրորդ շարժում երբեք չպետք է սկսվի, որ Արցախն ու «արևմտյան Ադրբեջանը» գտնվում են նույն հարթությունում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն այսօր գտնվում են Բաքվի բանտերում իրենց մեղքով, որ Արցախ անվանում գոյություն չունի, այլ կա Լեռնային Ղարաբաղ։ Նա միաժամանակ ողջունում է ՀՀ իշխանությունների քար անտարբերությունը Արցախի ամբողջական շրջափակման օրերին, կիսում է ՀՀ իշխանությունների ազգուրաց քաղաքականությունը, երբ նրանք Արցախի նկատմամբ ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ժամանակ որևէ քայլ չձեռնարկեցին արցախցիներին պաշտպանելու համար, ինչպես նաև խրախուսում է արցախցիների նկատմամբ իշխանությունների կողմից հովանավորվող ատելության մթնոլորտի սերմանմանը։
Երկրորդը՝ միևնույնն է Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չի նահանջելու, ուստի Վեհափառը կորցնելու ոչինչ չունի։ Ավելին՝ նա պետք է հանդես գա ուժեղի դիրքերից ու պատժի բոլոր տիրադավներին, որոնք մեղանչում են ոչ միայն ազգի, այլև Աստծո առաջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով Վեհափառի անունը զեղչող եպիսկոպոսը կզեղչի նաև հայ անվանումը, կզեղչի այն նույն եպիսկոպոսների անվանումները, որոնք դեռ երեկ իր հետ միասին նստած էին Նիկոլ Փաշինյանի առջև ու վերջապես կզեղչի նաև սեփական ծնողների անվանումները։
Երրորդը՝ դա հարգանքի տուրք կլինի Բագրատ, Միքայել, Մկրտիչ, Արշակ սրբազանների հանդեպ, որոնք կալանավայրը գերադասեցին հայրենադավությունից, ազգադավությունից ու տիրադավությունից։
Չորրորդը՝ կպատռվի Նիկոլ Փաշինյանի դիմակներից հերթականը։ Իհարկե, նա ունի բազմաթիվ դիմակներ ու մինչ նրա իրական դեմքին հասնելը (եթե իհարկե այդպիսին կա) պետք է անցնել երկար ճանապարհ, սակայն հանրության համար գոնե այս հարցում վերջնականապես ակնհայտ կդառնա, որ նրա համար չկա արժեհամակարգ, այլ գոյություն ունեն սոսկ գործիքներ, որոնց օգնությամբ ձգտում է ընդամենը պահել իր իշխանությունը։ Ապացույցներից մեկը ներկայացավ երեկ, երբ դիմեց ԵՄ-ին խնդրանքով, որպեսզի վերջիններս ուղղակիորեն միջամտեն ՀՀ ներքաղաքական կյանքին ու ընտրական գործընթացներին։ Այլ խոսքով՝ ԵՄ-ին հրավիրեց պայքարելու ՀՀ ընդդիմադիրների դեմ։
Կարեն Կարապետյան

Русский