ԵՄ-ին ՀՀ ներքին գործերին ու ընտրական գործընթացներին միջամտելու խնդրանքը ՔՊ-ական իշխանությունը հիմնավորում է այն վերացական «հանգամանքով» իբր արտաքին ուժերի կողմից «Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում է սկսվել, ու իրենք ցանկանում են պաշտպանել ժողովրդավարությունը»։ Հաշվի առնելով, որ ՔՊ-ական իշխանությունը «ժողովրդավարության հաստատումն ու կայունությունը»-ը կապում է միայն իրենց իշխանության մնալու հանգամանքի հետ, ապա իրականում ստացվում է, որ ՔՊ-ն դիմում է ԵՄ-ին, որպեսզի վերջիններս ապահովեն իրենց անցնցում վերարտադրությունը։
Իսկ ինչպե՞ս պետք է ԵՄ-ն միջամտի ընտրական գործընթացներին ու կասեցնի «արտաքին միջամտության» վտանգը։ Բնականաբար միամտություն է կարծելը, որ ընտրությունների օրը բազմահազար եվրոպացիներ գալու են Հայաստան ու ընտրատեղամասերում ներկայանան որպես ՔՊ-ի վստահված անձինք կամ ընտրարշավի օրը փողոցներում բուկլետ բաժանեն։ Իհարկե, կարևոր է ֆինանսական բաղադրիչը, որը կարող են տարբեր գրանտների տեսքով ստանալ եվրոպական կառույցներից ու դրանք ծառայեցնեն ընտրություններին, սակայն առավել կարևոր է ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հալածանքների այն քարտ բլանշը, որը ՔՊ-ն կստանա որպես «աջակցություն», որպես «արտաքին միջամտությունը» կանխելու օպերատիվ գործողությունների անհրաժեշտություն։
«Հիբրիդային հարձակումը» որպես փաստ ներկայացնելը ՔՊ-ի համար «օրինական» հիմք է ստեղծում ընդդիմության հանդեպ նոր լայնածավալ ու վայրագ գրոհ իրականացնելու համար։ Յուրաքանչյուր անցանկալի անձ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչ, հոգևորական, լրագրող կամ խմբագիր կարող է իշխանությունների կողմից նախօրոք հռչակվել օտարերկրյա գործակալ ու կալանավորվել։
Յուրաքանչյուր քաղաքական միավոր, կառույց, նախաձեռնություն կամ լրատվամիջոց կարող է ՔՊ-ականների կողմից նախօրոք հռչակվել օտարերկրյա շահեր սպասարկող ու փակվել։ Եթե ուշադրություն դարձնեք Ազգային ժողովում տարբեր ՔՊ-ականների ճեպազրույցներին, ապա գրեթե բոլորն իրենց համար անցանկալի լրատվամիջոցների հարցերին անդրադառնում են բուն հարցի հետ կապ չունեցող պատասխանով կամ ավելի ճիշտ՝ հակադարձում են. «Իսկ ձեր լրատվամիջոցն ո՞վ է ֆինանսավորում» հարցով։ Հաշվի առնելով, որ ըստ ՔՊ-ականների՝ Հայաստանի հանդեպ այդ «հիբրիդային հարձակումն» իրականացվում է խոշոր ֆինանսների ներդրմամբ, ապա ակնհայտ է, որ լրագրողներին նման հարցով դիմելն արդեն հուշում է, որ տվյալ լրատվամիջոցի գլխին ապագայում կարող են սև ամպեր կուտակվել։ Ու այդ ամենը բնականաբար տեղի կունենա ԵՄ-ի անմիջական օժանդակությամբ ու հովանավորմամբ։ Անկասկած է, որ եվրոպական պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գործողությունները կորակեն որպես արևմտյան արժեքների հաղթանակ, քանի որ հավաքական Եվրոպան վաղուց է ապացուցել, որ «ժողովրդավարություն», «խոսքի ազատություն», «մարդու իրավունքներ» ու նման այլ ձևակերպումներն իրականում ոչ մի արժեք չունեն, այլ սոսկ գործիք են ըստ անհրաժեշտության օգտագործելու համար։
Ահա հենց մարդկանց զանգվածային կալանավորումների համար վառվող կանաչ լույսն էլ դառնալու է այն օժանդակությունը, որը Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵՄ-ից։
Եթե ամեն ինչ շարունակի զարգանալ նման ընթացքով, ապա բուն ընտրությունների օրը ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա, չի լինի որևէ դիտորդ կամ վստահված անձ, որը կբողոքի ընտրախախտումներից կամ իշխանական ռեսուրսների չարաշահումից, քանի որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի օգնությամբ նախքան ընտրությունները կամայացնի ողջ քաղաքական դաշտը։ Եթե ՔՊ-ական իշխանության ակնկալվող օգնությունը լինի, իսկ կարծես հակված են նրանց օժանդակելուն, ապա Եվրոպան Նիկոլ Փաշինյանից կկերտի երկրի ներսում որևէ կարմիր գիծ չճանաչող ու որևէ արժեհամակարգ չունեցող մի վայրագ բռնակալի, իսկ երկրից դուրս՝ լիովին վերահսկելի ու փափուկ խաղալիքի։
Կարեն Կարապետյան

Русский