Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական որոշ ներկայացուցիչներ իրենց «պատարագային հյուրախաղերի» ընթացքում բազմիցս են նշել, որ հաջորդ պատարագը լինելու է Մայր Աթոռում, սակայն կյանքը ցույց է տալիս, որ «փաշինյանական պատարագները» չեն տալիս իրենց ցանկալի արդյունքները, նույնիսկ այլևս ավելի չեն խորացնում հասարակության պառակտումը, որին այդքան ձգտում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ բոլոր բաժանարար գծերն արդեն քաշված են, ու հասարակությունը վերջնականապես բաժանված է սև ու սպիտակի։
Ուստի հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն իրեն ենթակա 10 եպիսկոպոսների օգնությամբ Մայր Աթոռում բեմականացրեց ոչ թե պատարագ, այլ հավանական բախման գլխավոր փորձերից մեկը։ Քանի որ Վեհափառին փոխելու իրավական ոչ մի լծակ ու լիազորություն Նիկոլ Փաշինյանը չունի, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհներում չի վայելում հասարակության լայն աջակցությունը, քանի որ իրեն սատարող հոգևորականների թիվը չի աճում, հետևաբար իր նպատակն իրականացնելու համար հնարավոր սցենարներից մեկը բախումներ հրահրելն է։
Պատահական չէ, որ հինգշաբթի օրը իշխանությունը Մայր Աթոռ էր ուղարկել միայն ՔՊ-ական ստորին շերտերին ու լյումպեն մասայից բաղկացած մի խառնամբոխ, որը Նիկոլ Փաշինյանի համար կարող է մսացու լինել բախման դեպքում, իսկ ո՛չ ինքը, ո՛չ էլ բարձրաստիճան այլ ՔՊ-ականներ ներկա չէին՝ դրանով ստեղծելով պատրանք, իբր իրենք չեն խառնվում Եկեղեցու գործերին։
Գործողությունների զարգացման հետագա ընթացքը շատ ակնհայտ է, քանի որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի քայլերը վաղուց շատ պարզունակ են ու կանխատեսելի։ ՔՊ-ական խառնամբոխը՝ տարբեր գնելսանոսյանների, դաջվածքով դպիրների ու դեռևս ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանին ոչխար անվանած կարգալույծ քահանաների օգնությամբ ու 10 եպիսկոպոսների առաջնորդությամբ, կհրահրի բախում այդ ամբոխի ու Վեհափառին աջակցության համար եկած ժողովրդի միջև, ինչին էլ կհաջորդեն ձերբակալումներն ու կալանավորումները, որոնց թվում կլինեն նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Նախօրոք կարելի է ասել նաև, թե ինչ մեղադրանքներ կառաջադրվեն ձերբակալվածներին։ Նրանք բոլորը ՔՊ-ական իշխանության կողմից կհռչակվեն որպես «օտարերկրյա գործակալներ», որոնք արտաքին ուժերի կողմից տրամադրվող «միլիարդավոր դոլարների» դիմաց փորձում են ՀՀ քաղաքացիներից «խլել ժողովրդավարությունը»։ Այս հիմնավորումները մտնում են ԵՄ-ից օգնության խնդրանքի ամբոջական փաթեթի մեջ, ուստի սա այն հերթական դեպքերից մեկն է, երբ մեղադրանքներն արդեն առաջադրված են, մնում է լրացնել միայն անունները։
Միանշանակ կալանավորվածների թվում է լինելու նաև Վեհափառը ու թեպետ նույնիսկ բանտում, բայց նա շարունակելու է մնալ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնալու, քան պարզապես զավթել վեհարանը ու կաթողիկոս հռչակել որևէ տիրադավի։ Իհարկե, նոր նշանակվածը լինելու է ոչ լեգիտիմ, սակայն Հայաստանում քաղաքական իշխանության ոչ լեգիտիմությանը լրացնելու կգա նաև հոգևոր ոչ լեգիտիմությունը, ինչն էլ կամբողջացնի այն պատկերը, որին այդքան ձգտում է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Կարեն Կարապետյան

Русский