Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի իրավունքն ու Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող «արևմտյան Ադրբեջան» կեղծ գաղափարախոսությունը դնում է նույն հարթությունում։ Ավելի վաղ նա թուրքական ագրեսիվ հռետորաբանությունը համեմատում էր Արևմտյան Հայաստանի հետ ու երկու դեպքում էլ «արևմտյան Ադրբեջանին» տալիս գոյության լեգիտիմ իրավունք։ Ու կրկին առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկում է հրաժարվել այդ գաղափարախոսությունից՝ փոխարենը խոստանալով, որ Հայաստանում էլ կփակվի արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը, տուրք տալով ադրբեջանական շանտաժին ու սպառնալիքներին, առաջարկում է հրաժարվել մեր բնական իրավունքներից, ինչը նշանակում է կապիլտուլյացիայի հերթական ստորագրում ու ստորացում։
Սակայն հարցի ամբողջ ողբերգականությունը նրանում է, որ Փաշինյանը վերջնականորեն կհրաժարվի արցախցիների վերադարձի իրավունքից, իսկ Ալիևը մազաչափ անգամ հետ չի կանգնի իր «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունից, ու դրա ապացույցն է երկու կարևոր հանգամանք, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է լռել։
Առաջինը՝ այդ թեմաներից (թեմա բառը Փաշինյանի ձևակերպումն է) հրաժարվելու առաջարկը ոչ թե ծագել է Նիկոլ Փաշինյանի գլխում, այլ արդյունքն է Ալիևի ուղիղ պահանջ-սպառնալիքի։
Դեռևս անցյալ տարի Ալիևն իր հարցազրույցներից մեկում հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի ճնշել երկրի ներսում առկա «ռևանշիստական» տրամադրությունները, հակառակ դեպքում իրենք ստիպված են լինելու քայլեր ձեռնարկել։ Ահա հենց այդ սպառնալիքն է, որ Նիկոլ Փաշինյանին դրդում է հանդես գալ ապազգային մոտեցումներով՝ կրկին դրանք մանուպուլացնելով ու ներկայացնելով որպես Հայաստանի ներքին օրակարգ ու Հայաստանից բխող առաջարկ, ճիշտ այնպես, ինչպես վարվում է Ալիևի մյուս պահանջի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդն իրականում ոչ թե Հայաստանի իշխանությունների նախաձեռնություններն են, այլ Ալիևի պահանջները, որոնք գեներացվում են մեր երկրի ներսում ու հրամցվում որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգ։
Հաջորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակի հայտարարություններում արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ ադրբեջանցիների «վերադարձի» հետ կապված։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը նույն համոզվածությամբ պնդում էր, որ Հայաստանի ներսում չի լինելու որևէ միջանցք, կարճ ժամանակ անց այդ միջանցքը տրամադրվեց թուրք-ադրբեջանական տանդեմին, սակայն այն անվանակոչվեց «Թրամփի ուղի»։ Թեպետ մինչ այսօր թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն այն անվանում են «Զանգեզուրի միջանցք», սակայն մինչ միջանցքի տրամադրումը, Բաքուն հայտարարեց, որ մեզ համար կարևորը դրա գոյությունն է, իսկ Հայաստանն ինչպես ուզում է, թող այն անվանի։
Նույնն էլ տեղի է ունենալու այս դեպքում։ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ ու վտանգավոր գաղափարախոսության հիմնական շեշտադրումը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը, վաղօրոք տրված իր խոստման համաձայն, ադրբեջանցիներին կբնակեցնի Հայաստանում, սակայն ինչպես «Զանգեզուրի միջանցքի» պարագայում, դրա անունը կդնի օրինակ՝ «խաղաղության դարաշրջան», իսկ Ադրբեջանում կշարունակեն անվանել «արևմտյան Ադրբեջան»։
Սակայն եթե նույնիսկ տեսականորեն Բաքուն հրաժարվի էլ նմանատիպ արտահայտություններից, փաստը կմնա այն, որ ադրբեջանցիները կապրեն Հայաստանում, իսկ արցախցիների վերադարձի հարցը Նիկոլ Փաշինյանը վերջնականապես կհամարի փակված։
Կարեն Կարապետյան

Русский