Այսօր Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ անդադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր գրոհներին, հայտարարեց, որ Վեհափառի հեռացումից հետո (իհարկե նա Ամենայն Հայոց Կաթողիկոսին կրկին դիմում է ավազանի անունով) կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի եկեղեցական նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը։
Նման հայտարարությունից հետո ակնհայտ է դառնում, որ նախ՝ Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ամենևին պայմանավորված չեն այն մեղադրանքներով, որը Նիկոլ Փաշինյանն ուղղում է վերջինիս, այլ թիրախը հենց բուն Եկեղեցին է, որովհետև եթե սկզբնապես այս գրոհը մեկնարկեց Վեհափառի կուսակրոնության ուխտի հնարավոր խախտման շահարկմամբ, ապա այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կերպով ավելացնում է իր պահանջները։
Երկրորդը՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Վեհափառը հեռանա, ապա արդեն իսկ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու ու գնալու է առաջ, մինչև Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերի վերջնական քայքայմանն ու այն աշխարհիկ կառույցի վերածելը։
Երրորդը՝ ակնհայտ է, որ կաթողիկոսական տեղապահը «ընտրվելու» է Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու գործելու է վերջինիս անմիջական թելադրանքով՝ սկսելով Եկեղեցու կանոնագիրքը փոխելուց, վերջացնելով նրա կողմից նախօրոք հրապարակված «ճանապարհային քարտեզի» բոլոր կետերն իրագործելով։
Չորրորդը՝ այդ նոր «կանոնագիրքը» կետ առ կետ համաձայնեցվելու է ոչ թե Սուրբ Գրքի, այլ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիգերրորդը՝ նոր «կանոնագրքի» փոփոխությունից հետո միայն տեղի կունենա նոր «կաթողիկոսի» ընտրություն՝ կրկին Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության ներքո։
Որպեսզի հերթական անգամ մանրամասնորեն չանդրադառնանք Փաշինյանի այդ «ճանապարհային քարտեզին», ապա դրա հանրագումարն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է բերվի հարկային դաշտ, այսինքն՝ վերածվի ՍՊԸ-ի ու գործի կառավարության անմիջական ենթակայության տակ, իսկ հոգևորականները դառնան գրանցված աշխատողներ։
Ահա նման պարագայում արդեն ամենևին կարևոր չէ կաթողիկոսական տեղապահը կլինի հոգևորական, թե աշխարհիկ մարդ, քանի որ միևնույնն է նա առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի նույնիսկ մոմ չի վառելու ու առհասարակ ընդամենը լինելու է նրա ներկայացուցիչը եպիսկոպոսաց ժողովներում, հետևաբար առաջարկում եմ, որպեսզի տեղապահ նշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, հատկապես, որ նա նման իրավիճակներում գործելու փորձ արդեն ունի, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ու ՀԷՑ-ը Նիկոլ Փաշինյանի համար ունեն նույն կարգավիճակը։
Կարեն Կարապետյան

Русский