Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլը հրահանգում է մարդկանց բռնության ենթարկել, Փաշինյանը դատապարտում է այն. անձի երկվությո՞ւն, թե՞ կեղծավորություն

Blog Image

Հուլիոս Կեսարը հաճախ էր սիրում կրկնել Եվրիպիդեսի խոսքերը. «Օրենքները խախտիր միայն իշխանության գալու համար, մնացած դեպքերում պարտավոր ես հարգել այն»։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը թեպետ վստահաբար տեղյակ չէ, որ աշխարհում առհասարակ գոյություն է ունեցել Եվրիպիդես, սակայն առաջնորդվում է այդ խորհրդով, միայն փոքր-ինչ կատարելագործել է։ Նա օրենքները խախտել է ոչ միայն իշխանության գալուց, այլ նաև այդ իշխանությունը պահպանելու մոլուցքով։

Այսօր նա հանդես է եկել մի գրառմամբ, որում դատապարտում է բռնության դեպքերը, ընդ որում, տարբերակելով դրա ֆիզիկական ու հոգեբանական դրսևորումները։ Նման գրառումը կա՛մ կեղծավորություն է, կա՛մ անձի երկվություն, երբ մարդու մի եսը դիմում է բռնության, իսկ մյուս եսը՝ դատապարտում սեփական գործողությունները, քանի որ Հայաստանում բռնության թե՛ ֆիզիկական ու թե՛ հոգեբանական դեպքերը տեղի են ունենում անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու կոչով, հաճախ էլ նաև անմիջական առաջնորդությամբ։ Ընդ որում, նա դատապարտում է բռնությունը ու շեշտը դնում հատկապես ֆիզիկական բռնության վրա հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի դեմ տեղի ունեցած հարձակման անմիջապես հաջորդ օրը։ Ճիշտ այդպես նա հայտարարությամբ հանդես եկավ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության հաջորդ օրը, բայց դրանից իրավիճակը հանրապետությունում չփոխվեց։

Իսկ բռնությունն իր բոլոր դրսևորումներով ու բոլորի կողմից՝ այդ թվում իրավապահների, չի կարող Հայաստանում նվազել այն պարզ պատճառով, որ այդ դեպքերի զարգացման ու տարածման կոչ անողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Երբ պետության ղեկավարը ԱԺ ամբոնից հայտարարում է, որ փռելու ենք ասֆալտին ու ծեփելու ենք պատերին, ապա նման արտահայտությունները չեն կարող տեղավորվել իրավական գործընթացների շրջանակում, քանի որ նույնիսկ հանցագործներին ձերբակալելու ժամանակ միջազգային կոնվենցիաներն արգելում են մարդկանց ֆիզիկական ցավ պատճառելն ու արժանապատվությունը ոտնահարելը, էլ չասած, որ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսքերի հասցեատերերը ոչ թե իրական հանցագործներն են, այլ նրա քաղաքական ընդդիմադիրները։ Ու հենց այդ կոչն է գլխավոր պատճառը, որ տարբեր ընդդիմադիր գործիչների բերման ենթարկելիս ոստիկանությունը գործում է վայրագությամբ։

Երբ նա ԱԺ ամբոնից հայտարարում է, որ բոլորիդ լցնելու ենք ԱԱԾ պադվալները, ապա դա ուղիղ հրահանգ է իրավապահ մարմիններին անցնել «լայնածավալ գործողությունների» ընդդիմադիր դաշտի հանդեպ, ու չի կարող այդ արտահայտության հասցեատերը համարվել իրական հանցագործը, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի ուղիղ պատասխանն էր Ազգային ժողովում ընդդիմադիր գործիչների ելույթների։

Երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ դուք պետք է դիմեք ուժի կիրառման, ապա այդտեղ կորում է իրավաչափությունը, քանի որ հրահանգավորումն իջնում է ուղիղ երկրի ղեկավարի կողմից։

Երբ փողոցում հարձակման են ենթարկվում միայն ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիները, ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, իսկ երբեմն էլ մեղավոր է «հռչակվում» հենց տուժողը, ապա ակնհայտ է դառնում, որ այդ դեպքերը տեղի են ունենում իշխանությունների առնվազն գիտությամբ։

Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը տարանջատում է բռնության ֆիզիկական ու հոգեբանական դրսևումներն ու առավել կարևորում առաջինը, ապա դա խոսում է մարդու խաթարված արժեհամակարգի մասին, քանի որ շատ հաճախ հոգեբանական բռնությունը շատ ավելի մեծ վնասներ է հասցնում «զոհին», քան ֆիզիկականը։

Երբ պետության ղեկավարն անմիջականորեն խոսում է մարդկանց անձնական կյանքից, ապա դա կանաչ լույս է վառում պատկան մարմինների համար դիմել տարատեսակ շանտաժների՝ ուղղված մարդու անվան ու արժանապատվության ոտնահարմանը, երբ պետության ղեկավարը խոստովանում է, որ իրենք դիմում են տարբեր հոգևորականների՝ պատարագների ընթացքում Վեհափառի անունը զեղչելու «խնդրանքով», ապա տվյալ հոգևորականն արդեն ենթարկվում է հոգեբանական ճնշման՝ աչքի առջև ունենալով վերոնշյալ շանտաժներն ու բռնաճնշումների այլ գործիքակազմը, ու երբ երկրի ղեկավարը վստահաբար հայտարարում է, որ Գարեգին Բ-ն չի լինելու Կաթողիկոս, դա նշանակում է, որ շուտով վերջինս առերեսվելու է բռնության համալիր փաթեթին։

Գիտակցո՞ւմ է այդ ամենը Նիկոլ Փաշինյանը, իհարկե այո՛, դատապարտում է նման գործելաոճը Նիկոլ Փաշինյանը, խոսքով՝ այո՛, առաջնորդվում է իրականում Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումներով, միանշանակ այո,՛ ու նրա գրառումները հիշեցնում են Սիմոն Բոլիվարին, երբ նա նստելով սեփական հրահանգով սպանված իր քաղաքական հակառակորդներից մեկի դիակի կողքը, տխուր նայելով նրան հայտարարեց. «Դաժան անհրաժեշտություն»։

Կարեն Կարապետյան

Send