Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավտոբուսի վարորդը չի հարձակվել անչափահաս երեխայի վրա, երեխան վախեցել և լացե՞լ է. ի՞նչ է եղել իրականում

Blog Image

Համացանցում ակտիվորեն տարածվում է ավտոբուսում արված մի տեսանյութ, որին կից գրառման մեջ նշվում է, թե ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը։ Երեխան վախեցել ու սկսել է լացել:

MediaHub-ին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնեցին, որ միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից.

«Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը»: 

Մեզ հայտնեցին նաև, որ նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ են անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում են հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։ 

MediaHub-ի հետ այսօր կապ է հաստատել նաև տրանսպորտի ուղևորներից մեկը, ով կադրերում երևացող երեխայի մայրն է։

«Տեսանյութի գրառումները չեն համապատասխանում իրականությանը, վարորդն ընդհանրապես փողի համար ոչ մեկի վրա չի խոսել, չի էլ իմացել ավտոբուսի մեջ ինչ է կատարվում։ Իմ երեխայի վիդեոն և նկարը տարածվում են, սակայն, իմ երեխան չի եղել կոնֆլիկտի պատճառն ու, ընդհանրապես, մենք բացարձակ կապ չենք ունեցել միջադեպի հետ»,- նշեց մեր զրուցակից Արփինե Ոսկանյանը։

Ծնողը նշեց, որ տեսանյութերում երևում է իր երեխան, և բոլորը մտածում են, որ իր երեխան կա՛մ լաց է լինում, կա՛մ ինչ-որ ձևով կապ ունի միջադեպի հետ։

«Իմ երեխան կապ չի ունեցել, չի լացել, ես եղել եմ երեխայիս հետ, չեմ ուզում ոչ մի ձև անդրադառնալ դեպքին, մենք կապ չենք ունեցել դեպքի հետ, վարորդը հանգիստ նստած էր։ Իմ երեխան տեսել է տեսանյութերը, ասում է՝ այս ի՞նչ են ասում, որ տրանսպորտի համար չի վճարվել, երեխան լացում է։ Չեմ ցանկանում, որ իմ երեխայի նկարն այդքան տարածվի, չեմ հասկանում՝ ինչի՞ տեսանյութը չի ջնջվել, սուտ բաներ են գրել»,- նշեց ծնողը։ 

Մարիաննա Արամյան

Send